Սերժ Սարգսյանը հավաքել է յուրայիններին ու կոշտ գնահատական տվել. «Հրապարակ»

ՀՀ նախկին նախագահն ասել է`ով է ուզում է դուրս գալ ՀՀԿ–ից, մանդատը պետք է վայր դնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երեկ Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։

Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորը լքեց ՀՀԿ–ն

Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։

Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։

«Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թևն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` քաղաքական թևի մասին էլ ասել է՝ իրենք ևս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան։