ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն ուզում է մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցում տրոլեյբուսները էլեկտրաբուսներով փոխարինել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Ավելի վաղ քաղաքային իշխանություններն ուզում էին նորացնել տրոլեյբուսային ցանցն ու նույնիսկ նոր երթուղիներ ավելացնել։ Այց նպատակով բանակցություններ էին վարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։
«Բայց հիմա չի բացառվում, որ տրանսպորտային նոր ցանցում նոր մոտեցումներ լինեն։ Էլեկտրաբուսների մասին որոշումը դեռ վերջնական չէ, բայց մտածում ենք։ Բնապահպանության առումով դրանք նույն ազդեցությունն ունեն, բայց մալուխային ցանց պահելու անհրաժեշտություն չկա», — ասաց Նիկոյանը։
Ճիշտ է` այս դեպքում նոր ծախսեր կլինեն` ուժակուտակիչ մարտկոցներ ու լիցքավորման կայաններ։ Փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանը դեռ մանրամասն համեմատական հաշվարկներ պետք է անի։
Ընդհանուր առմամբ, նոր տրանսպորտային ցանցում ուզում են միկրոավտոբուսները փոխարինել միջին ու մեծ ավտոբուսներով։ Իր տեղն ունի նաև էլեկտրատրանսպորտը` որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։ Քաղաքապետարանը տրանսպորտային նոր պարկի համար ֆինանսավորում է փնտրում։
Խորհրդային տարիներին Երևանում գործում էր տրոլեյբուսի ավելի քան 20 գիծ, հիմա դրանք հինգն են։