Իսկ ո՞ւր են թվերը. ինչու է ՀՀ կառավարությունը խուսափում հստակությունից

Մի քանի օր առաջ Հայաստանի նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագիրը, որը դեռ պետք է քննարկի Ազգային ժողովը։ Ծրագրի առաջնային կետերից է խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվելը։
Sputnik

Պետք է նշել, որ և՛ քաղաքացիները, և՛ մասնագետներն ու փորձագետները ոչ միանշանակ արձագանքեցին կառավարության առաջարկած ծրագրին։ Նշեցին, որ շատ են ընդհանուր խոսքերը, լղոզված դրույթները, և բացակայում են թվերը, նույնիսկ` տնտեսական բլոկում։

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը հրապարակվեց

Այդ պատճառով, եթե դիտարկենք ԶԼՄ-ների հրապարակումներն ու ծրագրի մասին արձագանքները, ապա կարելի է բևեռային կարծիքներ կգտնենք` կտրուկ մերժումից մինչև համաձայնություն։ Իսկ եթե անտեսենք ծայրահեղ կարծիքները, ապա վերաբերմունքը բարյացակամ է` հաշվի առնելով, որ սա ժամանակավոր ծրագիր է` առավելագույնը մեկ տարված համար նախատեսված։

Մյուս կողմից չի կարելի չընդունել, որ թեև ծրագիրը ժամանակավոր է, բայց այդ ծրագրում հաճախ է շեշտը դրվում զարգացման այնպիսի ուղղությունների վրա, որոնք կարող են դրական արդյունքներ տալ միայն երկարաժամկետ հեռանկարում։ Օրինակ` տնտեսական բլոկը կամ սփյուռքի հետ կապեր հաստատելու գլուխը։

Ոմանք նշում են, որ ծրագրում բացակայում են թվերը, այսինքն` հստակությունը, որը դիտարկվում է որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ, մյուսները (հաշվի առնելով ծրագրի «կարճաժամկետությունը») կարծում են, որ այս փուլում դա ավելի ճիշտ է։

Հստակությունը կհայտնվի այն ժամանակ, երբ նոր իշխանություններն արտահերթ ընտրություններ կանցկացնեն ու կհաղթեն։ Այդ ժամանակ չի կարող հստակություն չլինել, հակառակ դեպքում հաջորդ ծրագիրն իմաստ չի ունենա։ Իսկ մինչ ընտրությունները նոր կառավարությունը փորձում է հնարավորինս շատ հարցեր լուծել։ Օրինակ` տնտեսության մենաշնորհների խնդիրը կամ կոռուպցիան։

Հասկանալի է, որ կոռուպցիան հնարավոր չէ վերացնել մեկ ամսվա ընթացքում։ Ոչ էլ մեկ տարվա ընթացքում։ Եվ ընդհանրապես դժվար թե հնարավոր լինի հարյուր տոկոսով հաղթահարել կոռուպցիան, բայց կարելի է հասցնել մի մակարդակի, երբ հնարավորինս քիչ խանգարի պետության զարգացմանը։ Մենաշնորհների հարցը կարելի է ավելի արագ լուծել. ճիշտ է` պետք է հաշվի առնել, որ մենաշնորհները ինքնագոյանալու վատ սովորություն ունեն, այդ թվում` բնական ճանապարհով։ Սակայն տնտեսագետները դա ավելի լավ գիտեն։

Զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունն ու ՏՏ-ն շարունակում են մնալ տնտեսության գերակա ուղղությունները։ Եթե նոր իշխանությունների համար ընտրությունները բարենպաստ ելք ունենան, ապա նրանք կփորձեն վերականգնել ու զարգացնել արդյունաբերությունը։ Ժամանակակից աշխարհում առանց արդյունաբերության հնարավոր չէ։

Ամենաթողության տարիներն անհետևանք չեն անցել. ինչի հետ է կապված շուկայում տիրող իրավիճակը

Կարելի է նկատել, որ կառավարության ծրագրի ցանկացած քննարկում ամեն դեպքում ի վերջո հանգում է արտահերթ ընտրությունների գաղափարին և այն ամենին, ինչ կհաջորդի դրանց։ Ծրագիրը ընտրությունների անցկացման ժամկետ է սահմանում` առավելագույնս մեկ տարի։

Եվ ահա այստեղ այն համարձակությունն ու վճռականությունը, որով նոր իշխանությունները սկսել են բազում խնդիրներ լուծել, կարող է վատ անդրադառնալ, քանի որ արդեն մի քանի ամսից նրանցից արդյունք են պահանջելու։ Հիմա է, որ նրանց մեղմ են վերաբերվում անփորձության, առաջին քայլերի, օբյեկտիվորեն գոյություն ունեցող հսկայական խնդիրների, խոչընդոտների ու տասնամյակներով կառուցված մեքենաները կոտրելու անհրաժեշտության պատճառով։

Ու եթե հանկարծ իրական դրական արդյունքներ չլինեն, ապա քննադատներն ամեն ինչ կհիշեն. և՛ ամպագորգոռ խոստումները, և՛ արդեն հարցեր առաջացնող կադրային քաղաքականությունը, և՛ նույնիսկ սկզբի ժամանակներում դրևորած պոպուլիզմը։ Ի դեպ, կարծում եմ` արդեն պետք է պոպուլիզմի վերջը տալ. անկեղծ ասած, այդքան էլ ճիշտ չէ, երբ ծրագիր ունեցող կառավարության վարչապետը կոչ է անում, օրինակ, բոյկոտների միջոցով պայքարել սուպերմարկետների գնաճի դեմ։

Ժամանակն է հեղափոխական կարգախոսներից ու գործողություններից անցնել պետական լուրջ գործերի։ Հակառակ դեպքում նոր իշխանությունների հեղինակության անկումը կարող է աղետալի լինել։ Չեմ ուզում մտածել, որ նրանք հենց այդ մտավախությունների պատճառով են շտապում ընտրություններ անցկացնել։

Քանի որ դա կնշանակի, որ նոր իշխանություններն արդեն հիմա հասկանում են, որ խնդիրների մեծ մասը չեն կարող լուծել, այդ պատճառով էլ շտապում են ձևակերպել սեփական խորհրդարանական մեծամասնությունը ներկայումս ունեցած վստահության հիման վրա։ Ուզում եմ հուսալ, որ դա այդպես չէ։