Կառավարությունը մտադիր է ստուգել նպաստառուների ցուցակները

ՀՀ կառավարությունը կստուգի սոցիալական հատկացումների հասցեականությունն ու արդարացիությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունն աշխատում է նպաստառուների հատկացումներն ավելացնելու և համակարգը վերանայելու ուղղությամբ: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` ներկայացնելով սոցիալապես անապահով խավերի համար բյուջեից կատարված հատկացումներն ու պետական աջակցության ծրագրերը:

Մեծավանի գյուղապետը միլիոններ է յուրացրել. վերցրել է աշխատավարձերն ու օգնության գումարները

Պատգամավորներին հետաքրքրում էր, թե երբ սոցիալական վճարները կհասնեն կենսապահովման նվազագույն շեմին:

«Ճիշտ եք՝ մեր հասարակության մեջ բևեռացումը խիստ մեծացել է: Բայց մեր նախարարության գործառույթը աղքատությունը մեղմելն է: Աղքատության վերացումը պետության գործառույթն է և ավելի շատ տնտեսական խնդիր է»,- ասաց Թանդիլյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ կառավարությունն աշխատում է հատկացումներն ավելացնելու և համակարգը վերանայելու ուղղությամբ:

«Պետք է թիմ ստեղծենք, որը կստուգի սոցիալական հատկացումների հասցեականությունը կվերանայի, թե ովքեր են օգտվում նպաստների համակարգից, ովքեր են դուրս մնացել, որ իրոք կարիքավոր են»,- ասաց Թանդիլյանը:

Նա հայտնեց, որ 2017թ-ին սոցիալական ոլորտին հատկացվել է 409 մլրդ դրամ, ինչը պետական բյուջեի 27.9%-ն է: 2017թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է եղել 920 906 թոշակառու և նպաստառու:

Թանդիլյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում նախարարությունում 3.5 անգամ ավելացել է դիմումների քանակը: