Մենք կորած-մոլորած երկիր չենք. ՀՀԿ պատգամավորը` Էլթոն Ջոնի բարեգործության մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լսողական սարքեր է տրամադրում, որոնց որակի վերաբերյալ որոշ դժգոհություններ կան, բայց նախարարը խոստանում է լուծում գտնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե բարեգործությունը բխի քաղաքացու շահերից, ապա դա տեղի է ունենալու: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի՝ Էլթոն Ջոնի բարեգործական այցի ընթացքում լսողական սարքեր տրամադրելու գործընթացի մասին հարցին:

Կառավարությունը մտադիր է ստուգել նպաստառուների ցուցակները

Նախարարի խոսքով՝ լսողական սարքերը խնդիրներ ունեցող քաղաքացիներին առաջիկայում կտրամադրվեն հավաստագրերի միջոցով:

«Քաղաքացիներ դժգոհում են, երբ մենք իրենց սարքեր ենք տրամադրում, որոնք իրենք չեն ընտրել»,- ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ նախարարությունը վերանայում է դրանց տրամադրման կարգը։

«Ամենայն հավանականությամբ մենք առաջիկայում կորոշենք տենդերներ անցկացնել, որոնց արդյունքում որակյալ սարքեր կընտրվեն շահառուների համար»,- ասաց նա:

Արձագանքելով նախարարի խոսքին՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց` այս էյֆորիկ վիճակում շատ կլինեն մարդիկ, որ կգան ու ինչ-որ հայտարարություններ կանեն ինչ-որ սարքեր նվիրելու մասին:

«Բարեգործություններ շատ կլինեն, ու չեմ կարծում, թե դրանք պետք է թմբկահարվեն այնպես, որ մենք կորած-մոլորած երկիր ենք ու երբեք լսողական սարք չենք տեսել»,- ասաց նա:

Հիշեցնենք` աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի բարեգործական այցի ընթացքում ՀՀ լսողական խնդիրներ ունեցող երեխաներին ու մեծահասակներին լսողական սարքեր էին բաժանվել: