Առողջապահության նախարարությունն էլ դիմեց ԱԱԾ-ին. չարաշահման դեպք է բացահայտվել

Առողջապահության նախարարը դիմում է ներկայացրել ԱԱԾ. ոլորտում չարաշահումների բացահայտում է արվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության ոլորտում բացահայտված չարաշահման մեկ դեպք ուղարկվել է ԱԱԾ` քննության: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ դեպքն ինքը չի բացահայտել, և բացահայտումը վերաբերում է գնումների ոլորտին:

«Բարձր գնով գնվել է մի ապրանք, որն իրականում երեք անգամ էժան արժեր: Բացահայտել է առողջապահության նախարարության ներքին աուդիտը»,- հայտնեց Թորոսյանը:

Նախարարն այլ մանրամասներ չհրապարակեց` առաջարկելով սպասել ԱԱԾ եզրակացությանը: Առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես` պետական միջոցները վատնելու դեպքերին անդրադառնալով` նախարարն ասաց. «Լուծումները պետք է լինեն կոնկրետ դեպքերով, կոնկրետ փաստերով: Օրինակ` եթե մի բուժհաստատությանը տրվել է գումար, որը չի ծախսվել կամ, օրինակ, նկարվել է այդ ծախսը (նման դեպքեր էլ ունենք), բոլորը կիմանան, թե որ բուժհաստատությունն է եղել»,-ասաց նախարարը:

Սուպերմարկետներում օրենքի շեղում չի եղել. Վահրամ Բաղդասարյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

Թորոսյանը խնդրահարույց է համարում նաև առողջարանային բուժման գործող համակարգը, որտեղ, նրա խոսքով, դարձյալ մեծ գումարներ են ծախսվում, բայց դրանց արդարացվածությունը հիմնավորված չէ:

Նախարարը հայտնեց, որ 100 մլն դրամի ծրագիր արդեն սառեցված է, ևս 200 մլն դրամի ծրագիր էլ առաջիկայում կկասեցվի: Թե ուր են ուղղվելու խնայված գումարները, նախարարը չհստակեցրեց` նշելով, որ երբ բոլոր խնայողությունները կմեկտեղվեն ու պարզ կլինի դրանց ընդհանուր չափը, այդ ժամանակ էլ որոշում կկայացվի գումարներն այլ ծրագրերի վրա օգտագործելու մասին: