Բնապահպանության նախարարը կմեկնի Ամուլսար` տեղում խնդիրներին ծանոթանալու

Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներին Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այս մասին տեղեկատվությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման. ընկերությունը պատասխանում է ցուցարարներին

«Այսպիսով` մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:

Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:

Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,–գրել է Ավինյանը: