Բաքվին ապօրինի զենք վաճառողները կպատժվեն. ԱԳՆ

Զենքն այլ երկրի համար է նախատեսված եղել, բայց հայտնվել է Ադրբեջանում։ Հետաքննություն է սկսվել։ Հայկական կողմը պարզում է` ինչպես են «Հաուբիցն» ու ՀԿՌՀ–ը հայտնվել Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ադրբեջանին ապօրինի զենք վաճառելու մեղավորները կպատժվեն։ Այս համոզմունքը հայտնեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Սլովակիայում տեղի ունեցած միջադեպը։

Ռուսաստանն այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին. Կոսաչով

Ավելի վաղ Սլովակիայում հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնել էր, որ գաղտնի ու խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի եւ Ադրբեջանի միջև։ Չեխիայի ու Սլովակիայի գործարարներն ուզում են Ադրբեջանին մեծ խմբաքանակով զենիթահրթիռային համալիրներ, ինքնագնաց հրետանի ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել։ Գաղտնիության համար զենքը պետք է տեղափոխվեր ոչ թե ուղղակիորեն, այլ Իսրայելի միջոցով։ Ըստ Գրիգորյանի` խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի՝ ռազմական տեխնիկան, իբր թե, արտահանվում է Իսրայել:

Բալայանի խոսքով` լիցենզիան իսկապես այլ երկրի անունով էր ձևակերպած։ Նա հավելեց, որ հետաքննություն է սկսվել, ու կարելի է հուսալ, որ մեղավորները կպատժվեն։

«Դեռ նախորդ տարի այդ հարցով հսկայական աշխատանք է արվել։ Հենց այս րոպեներին Չեխիայում ու Սլովակիայում մեր դեսպանը այս հարցով հանդիպումներ է անցկացնում», — հայտնեց Բալայանը։

Նա հավելեց, որ Չեխիայի ու Սլովակիայի արտգործնախարարությունները գիտեն միջադեպի մասին։

Ավելի վաղ չեխական «ԴԱՆԱ» հրետանային համակարգերն ու RM-7 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հայտնվել էին Ադրբեջանում։ Ամենայն հավանականությամբ, Իսրայելը միջնորդ է եղել։ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր դրա մասին։ Միաժամանակ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը զարմացած է` ինչպես կարող էր այդպիսի զենքը հայտնվել Ադրբեջանում։

Այդպիսի գործարքների դեպքում «վերջնական օգտատերի սերտիֆիկատ» հասկացություն գոյություն ունի։ Պաշտոնական Պրահան, միևնույնն է, պետք է իմանա մատակարարման մասին, նույնիսկ եթե Իսրայելն էր զենքը վերավաճառում։