Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազնը, կամ նա XIX դարի ամենահարուստ հայերից մեկն էր

«Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազնը» վերնագրով հոդվածը պատմում է Դաքքայի` ժամանակին ծաղկուն հայկական համայնքի ու հայ գործարարի մասին, որը ջուտի վաճառքի շնորհիվ դարձել է XIX դարի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Բանգլադեշի The Daily Star պարբերականի թղթակից Վակար Ա Հանը, 70–ականների վերջին Հին Դաքքանով զբոսնելիս, Սուրբ Հարություն հայկական եկեղեցու առաջ է հայտնվել։ Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին ու գտնվում է Արմանիտոլա հայկական թաղամասում։

Նրա ուշադրությունը գրավել է քրիստոնեական եկեղեցու բակը, որտեղ կարելի է տեսնել սև ու սպիտակ մարմարից մոտ 350 տապանաքար։

Յուրահատուկը. Բանգլադեշի հայկական եկեղեցին պարտադիր այցելության վայրերի ցանկում է

«Խոշոր խաչքարերի վրա նուրբ նախշեր են փորագրած։ Գրությունները և՛ հայերեն են, և՛ անգլերեն։ Սառը տապանաքարերը ողջունում էին ինձ լռության մեջ։ Ես հարցնում էի` ո՞ւմ հմուտ ձեռքերն են ստեղծել այս զարմանալի եզակի աշխատանքը քարի վրա։ Մտածում էի XIX դարի Դաքքայի երբեմնի բարեկեցիկ հայկական համայնքի ու դրա աստիճանաբար անհետացման մասին», – գրում է հրապարակման հեղինակը։

Նա նշում է, որ 1970 թվականին Դաքքայում միայն մի քանի հայեր էին մնացել, սակայն հիմա նրանք այլևս չկան։ Լրագրողը խոստովանում է, որ իրեն միշտ ապշեցրել է` ինչպես է երբեմնի հարուստ, ազդեցիկ, կենսառատ համայնքը պարզապես չքացել ժամանակի մշուշում ու շատ կարճ պատմություն թողել։

«Զարմանալի է նաև` ինչու ոչ մի հայ կամ տեղացի պատմաբան 150 տարվա ընթացքում չի բարեհաճել հաջորդ սերնդի համար նկարագրել համայնքի հարուստ պատմությունը։ Հետևաբար ունեցած բավականին մակերեսային տեղեկությանը ոչինչ չի ավելացվել։ Հենց այդ պատճառով որոշեցի գտնել արտերկրում Բանգլադեշի հայերի հետնորդներին ու փորձել պարզել նրանց կապերը Դաքքայի հետ, այսպիսով որևէ նոր բան ավելացնել երբեմնի ծաղկուն համայնքի պատմությանը», – գրում է Վակարը։

Նա համառոտ ներկայացնում է իր ընկերոջ` Լյուկ Դևիդի ընտանիքի պատմությունն անգլիական Բրիոստոլից։ Լյուկը հորական կողմից Դևիդ ազգանունով հին հայկական տոհմից է, որի անդամները XIX դարում Դաքքայում էին ապրում։

Թուրքական յաթաղանից փրկվելով` նրանք հայտնվեցին համաշխարհային պատմության էջերում

«Լյուկի նախանախապապը` Մարգար Դևիդը (1833-1893), Իրանում` Բուշեհրում, ծնված հայ էր։ Այն ժամանակին խոշորագույն նավահանգստային քաղաք էր։ Իսկ երբ նավահանգիստը սկսում է կորցնել իր նշանակությունը, Մարգարը 21 տարեկանում տեղափոխվում է Կալկաթա, որը կարևոր առևտրի կենտրոն էր, ու որտեղ վաճառականների հայկական ծաղկուն համայնք կար», – պատմում է հեղինակը։

Նրա խոսքով` Կալկաթայում երիտասարդ հայը սկսում է զբաղվել բրնձի, լոբազգիների և համեմունքների վաճառքով։

«Սակայն նա իսկական երազկոտ էր, որն ուներ մեծ հավակնություններ ու գործնական ջիղ։ Մարգարն ուշադիր հետևում էր Կալկաթայում ջուտի (բնական տեքստիլային մազաթել–խմբ.) ծաղկող առևտրին, որում հայեր էին ներգրավված։ Միաժամանակ ջուտի արդյունաբերական կենտրոնը Հարավային Բենգալիան էր (Բանգլադեշ)։ Այդ գործում Դաքքայի հարուստ հայերը ոչ միայն առաջինն էին, այլև մենաշնորհային դիրքեր ունեին», – նշում է Վակարը։

Նա ասում էր, որ շուտով Մարգարն ընտանիքով Դաքքա է տեղափոխվում ու սկսում է ջուտի բիզնեսով զբաղվել։ Նա անում է ամեն բան Արևելյան Բենգալիայում ամենահաջողած վաճառականը դառնալու համար։ Արդյունքում` նրան սկսում են անվանել «Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազն»։

Հմուտ վարպետները կամ ինչու Զլատոուստի հայերը «ուղղակի համայնք չեն, այլ գտածո»

Նրա Մ. Դևիդ և Կո ընկերությունը` Նարայանգանջում ջուտով զբաղվող հայկական այլ հաջողակ ընկերությունների հետ միասին, գերազանցեց բոլոր ակնկալիքները։ Մեկ տասնամյակում նա հեքիաթային հաստություն ձեռք բերեց ու սկսեց ջուտային ապրանք մատակարարել անմիջապես Անգլիա` խուսափելով Կալկաթայի նավահանգստից։ Այսպիսով, գործարարը նվազեցրեց բեռնելու արժեքը, ինչը նպաստեց եկամտի ավելացմանը։

«Կարելի է վստահ ասել, որ Բանգլադեշում նա ապրում էր Արմանիտոլայում` հին Դաքքայի հայկական թաղամասում, որը մինչ այժմ էլ այդ անուն է կրում», – նշում է հրապարակման հեղինակը։

Մարգարն ամուսնացել էր Էլիզաբեթ Մանուկի հետ, որը Դաքքայի հայտնի զիմանդարների (ավատատեր, հողատեր) հին հայկական ընտանիքից էր սերում։ Մանուկի ընտանիքն ու ևս չորս հայկական տոհմերն անվանի գործարար ու բարեգործ էին։ Զույգը ինը երեխա է ունեցել, նրանցից երեքը մանուկ հասակում մահացել են։

«Ինքը` Էլիզաբեթը, ցավոք, 29 տարեկանում մահացել է խոլերայից 1878 թվականին։ Նրա հիանալի մարմարե դամբարանը քրիստոնեական հուղարկավորման գեղեցիկ նմուշ է։ Այն հրաշքով պահպանվել է մինչ օրս», – գրում է Վակարը։

Հոդվածագիրն իր նյութն ամփոփում է` ասելով, որ կնոջ մահից մեկ տարի անց Մարգարը երեխաների հետ ընդմիշտ հեռանում է ու հիմնվում է Լոնդոնում, որպեսզի պաշտպանի նրանց արևադարձային հիվանդություններից, որոնք այդ ժամանակ մահացու էին։

Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազնը, կամ նա XIX դարի ամենահարուստ հայերից մեկն էր