ՌԴ նորանշանակ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Զոհրաբ Մնացականյանին

Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը խոստացավ առավելագույն ջանքեր ներդնել հայ–ռուսական հարաբերությունների խորացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Մնացականյանը հույս է հայտնել, որ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:

Ռուս գործարարները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգացել են հենց մաքսատանը

Դեսպանը նշել է, որ իր առաքելությունը սկսում է բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը: Նա հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունն ապահովելու, դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են նաև մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներն ու անդրադարձել են բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին:

Հանդիպման ընթացքում արծարծվել են ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։