ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ավելի քան վեց տարի Արսենյան ամուսինները Բուլղարիայում փորձում են իրենց որդուն՝ Միհրանին ետ բերել Նորվեգիայից։ Միայն մորն են թույլ տալիս հանդիպել տղայի հետ` այն էլ տարեկան երեք անգամ չորս ժամով, հաղորդում է «Դնես» բուլղարական պարբերականը։
Ամուսինները՝ թրքուհին և բուլղարահայը, մեկնել են Նորվեգիա՝ արտագնա աշխատանքի։ Այստեղ 2012թ-ին հարևանները դիմել են ոստիկանություն՝ բողոքելով նրանցից։
«Ժամանեցին երեք ոստիկանական մեքենաներ։ Երեխան նոր էր արթնացել։ Երկու ոստիկաններ հրեցին ինձ սենյակ, երեխային տարան, իսկ ինձ գցեցին գետնին», — պատմել է Էմիլյա Արսենյանը բուլղարական bTV-ի եթերում։
Էմիլյա և Թոռնիկ Արսենյանները երեք ամիս չէին տեսել իրենց երկու տարեկան որդուն և չգիտեին՝ որտեղ է նա։ Հետո նրանց համար կարճ հանդիպում են կազմակերպել սոցիալական աշխատողների ներկայությամբ։ Հետո մեկ տարով արգելել են տեսակցությունը։ Վեց ամսվա ընթացքում մայրը սրտի կաթված է տարել։ Դրանից հետո նրա համար շատ տարօրինակ է լսելը «իրավունքների պաշտպանության» մասին։
Ռունե Ֆարդալը լրագրող է և ինտերնետ ալիքի խմբագիր, նա հետաքննություններ է հրապարակում նման ընտանիքների ճակատագրերի մասին։
«Նրանք ասում են, որ պետությունը պաշտպանում է երեխաների իրավունքները։ Բայց երեխայի համար միևնույնն է։ Այսպես թե այնպես` նրան առևանգել են։ Իշխանություններն ուղղակի օգտագործում են օրենքը՝ երեխաների խլելու համար», — ասում է Ֆարդալը։
«Երբ քաղաքապետարանը փորձում է օգնել նման ընտանիքներին, ծախսերը նա է կրում։ Իսկ եթե երեխային տանում են ուրիշ ընտանիք, ապա ծախսերն իր վրա վերցնում է պետությունը։ Ուստի սոցիալական ծառայությունները գումար են վերցնում պետությունից, մի մասը տալիս են նոր ընտանիքին, իսկ մնացածը դնում են իրենց գրպանը», — ասում է Ֆարդալը։
Պաշտոնական տվյալներով՝ Նորվեգիայի երեխաների 1,5 տոկոսն ապրում է սոցիալական տներում կամ նոր ընտանիքներում։
Հիմա Արսենյանները բնակվում են Գերմանիայում, որովհետև երեխայի հորը՝ Թոռնիկին, 5 տարով արգելել են մուտք գործել Նորվեգիա։ Ուստի միայն մայրը կարող է տեսակցել որդուն։
«Ավելի հաճախ սոցիալական ծառայությունները մեղադրում են ծնողներին, որ նրանք վատ են վարվում երեխաների հետ։ Դուք հավանաբար մտածեցիք, որ ծնողները թմրամոլ են կամ ծեծում են երեխաներին կամ հոգեպես անառողջ են։ Բայց հիմնականում սոցիալական ծառայությունները մեղադրում են ծնողներին ոչ բավարար խնամքի համար։ Օրինակ` որ նրանց և երեխաների միջև տեսողական կապը բավարար չէ։ Կամ երեխայի տաբատը պատռված է կամ երեխաների համար չափազանց հաստ են կտրում հացը», — ասել է Ֆարդալը։
Ծնողները պատրաստվում են որդու համար պայքարել Ստրասբուրգում։ Նման ընտանիքներից հայցերը շատ են։ 24 հազար մարդ՝ նորվեգացիներ ու օտարերկրացիներ, որոնք տուժել են սոցաշխատողների կամայականություններից, ցանկանում են դիմել Հաագայի դատարան։