Ամենաթողության տարիներն անհետևանք չեն անցել. ինչի հետ է կապված շուկայում տիրող իրավիճակը

Հայաստանում տևական ժամանակ արատավոր սխեմա էր գործում. ռիթեյլերը միաժամանակ զբաղվում էր նաև ապրանքի ներմուծմամբ կամ արտադրությամբ, կամ բոլորը միասին։ Որևէ նորմալ երկրում նման բան չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի —Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանյան շուկայում մեկնարկած զանգվածային ստուգումներն ու խոշոր սուպերմարկետներին ԱԱՀ ռեժիմին վերադարձնելու որոշումը հետևանքն է այն բանի, որ հարկային կառույցները երկար տարիներ անփույթ են աշխատել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Փոքր և միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։

«Ընդհանրապես կապ չունի, թե ինչ պայմանավորվածություններ են եղել հարկային մարմինների և բիզնեսի միջև։ Ամեն ինչ պետք է կարգավորի օրենքը, ոչ թե գաղտնի պայմանավորվածությունները։ Պետեկամուտների կոմիտեում գիտեին, որ խոշոր առևտրային ցանցերն իրենց գործունեությունը ձևակերպում էին ԱՁ-ների միջոցով` ԱԱՀ-ի 20%-ից ու եկամտահարկից խուսափելու համար։ Բայց նրանք աչք էին փակում դրա վրա», — ասում է Ավագյանը։

Նրա խոսքով` երբ 2012 թվականին շրջանառությունից գանձվող 5% հարկ սահմանեցին փոքր և միջին բիզնեսի համար, որևէ տեղ նշած չէր այն դրույթը, որի համաձայն` ԱԱՀ վճարող խոշոր տնտեսվարողները կարող էին հրաժարվել ապրանք գնել ԱՁ-ից միայն այն պատճառով, որ նա այլ հարկային ռեժիմում է գործում։ Օգտվելով այն հանգամանքից, որ օրենքն այդ հարցը չի կարգավորում, ինչպես նաև շուկայում ունեցած իր գերիշխող դիրքից` ռիթեյլերը հրաժարվում էր գնել ապրանքը մանր վաճառականից, և օրենքը նրան չէր պատժում դրա համար։

«Առևտրի մի շարք ցանցեր նաև ապրանք էին գնում առանց որևէ փաստաթղթաշրջանառության։ Ինչ սխեմաներ էին այստեղ գործում, ինչպես էր աշխատում գնորդ-մատակարար շղթան, չգիտենք», — ավելացրեց Ավագյանը։

Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

Հայաստանում տևական ժամանակ ևս մի արատավոր սխեմա էր գործում` ռիթեյլերը միաժամանակ զբաղվում էր նաև վաճառող ապրանքի ներմուծմամբ կամ արտադրությամբ, կամ բոլորը միասին։ Որևէ նորմալ երկրում նման բան չկա։

«Չի կարող սուպերմարկետների ցանցը ապրանք արտադրել, ներկրել և վաճառել։ Աբսուրդ է։ Եվ երբ սուպերմարկետների խոշոր ցանցը զբաղվում է նաև խմիչքի արտադրությամբ, ապա հարց է առաջանում` այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք փոքր և միջին բիզնեսը, որը պետք է այդ խմիչքն արտադրեր ու մատակարարեր ռիթեյլերին։ Այս ամենաթողությունն ու անօրինականությունը ոչ ոք չէր կանխում», — պնդում է փորձագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սուպերմարկետների ներկայացուցիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմումը ստորագրել էին սուպերմարկետների խոշոր ցանցերի 11 ներկայացուցիչներ` «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Կրպակ», «Կայզեր», «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Էվրիկա», «Վաս Գրուպ», «Դանիելյան» և «Շիրակ»։

Նամակում, մասնավորապես ասվում էր, որ մթերային ցանցային խանութները ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջանառության հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Մինասյան. «Սուպերմարկետը չի կարող իր խաղի կանոնները թելադրել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այս նամակի նրանց մեղադրել էր անհիմն թանկացման համար և քաղաքացներին կոչ էր արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»։

Իսկ շաբաթ օրը` հունիսի 2-ին, Փաշինյանը որոշեց անձամբ ստուգել իրավիճակը։ Նա շրջայց կատարեց խանութներում և հայտարարեց, որ ոչ մի թանկացում էլ չկա։ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից մի քանի ժամ անց մի շարք խոշոր վաճառողներ հայտարարեցին գների իջեցման մասին։

Հիշեցնենք, կառավարության և խոշոր առևտրային ցանցերի հակասությունն առաջացավ մայիսի 30-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց:

ԱԱԾ-ն պարզել էր, որ ընկերությունը հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ է գրանցել և դրանց միջոցով ապրանք վաճառել` վճարելով շրջանառության 2% հարկ` 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն։

Պարզվեց, որ այդ սխեմային իր համաձայնությունն էր տվել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարությունը, որպեսզի խոշոր խանութներում չթանկացնեն միրգն ու բանջարեղենը։