Կարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Կարոյին. Դեմիրթաշը` Փայլանի թեկնածության մասին

Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները։ Այս մասին ասել է բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որն այժմ գտնվում է բանտում, հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին։

Նա անդրադարձել է  Դիարբեքիրւմ հայերի պատմությանը, ինչպես նաև  հայ պատգամավոր Կարո Փայլանին։ Վերջինս մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա հենց Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։

«Ծրագրում եմ Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Կարո Փայլան

«Կարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Կարոյին։  Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ և ինքնություններ կային։ Դիարբքիրից Կարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ Դիարբեքիրի ժողովուրդը Կարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ  և ոգևորվածությամբ։  Կարոն Դիարբեքիրի համար օտար չէ։  Հավատում եմ, որ նրա և Դիարբեքիրի երիտասարդների միջև կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։

Դեմիրթաշը նաև ասել է, որ անցյալում Դիարբեքիրը բազմազգ բնակավայր էր, և նույնիսկ իր մանկության ժամանակ հայեր կային այնտեղ։  Ըստ նրա՝ բացի  Հայոց ցեղասպանությունից, տեղի հայերի արտագաղթի պատճառ դարձավ նաև Թուրքիայում 1980-90թթ. տեղի ունեցած իրադարձությունները։ Բռնաճնշումների հետևանքով  հայերը լքեցին իրենց բնակավայրերը։