ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Արդարադատության նախարարը չի կարող միջամտել դատավորների աշխատանքներին և որոշումներին։ Այս մասին այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով լրագրողների` հանրապետությունում քաղբանտարկյալների մասին հարցին։
Ի դեպ, նախարարը խուսափեց` կան արդյո՞ք երկրում քաղբանտարկյալներ հարցի ուղիղ պատասխանից։
Ինչ վերաբերում է «քաղաքական բանտարկյալ» կամ «խղճի բանտարկյալ» եզրույթներին, ապա Հայաստանում չկա պետական կառույց, որը լիազորված է նման բնորոշումներ տալ։
«Կան իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ` և բավական հեղինակավոր, որոնք նման բնորոշումներ են տալիս», – հավելեց Զեյնալյանը։
Ինչպես նշեց նախարարը, կարևոր է վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը: