Բողոքի ակցիաներին միացած զինվորականներին քրեական հետապնդում չի սպառնում. նախարար

«Իմ քայլը» շարժման օրերին բողոքի ակցիային միացած զինվորականների հարցով նշանակվել է ծառայողական քննություն, որի ավարտից հետո կընդունվի որոշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ գումարտակի զինծառայողներին, որոնք ապրիլի 23-ին միացել են Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիային, քրեական հետապնդում չի սպառնում։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Կպատժե՞ն արդյոք ցույցին միացած խաղաղապահներին. մեկնաբանում է փաստաբանը

Միաժամանակ նա նշեց, որ զորամասն ինքնակամ լքելու փաստով նշանակվել է ծառայողական հետաքննություն, որի արդյունքում կընդունվի որոշում ենթարկել այդ մարդկանց պատասխանատվության, թե ոչ։

«Ես կարող եմ շատ բաներ կարծել, բայց որոշումները կայացվելու են ծառայողական քննության հիման վրա», — ամփոփեց խոսքը պաշտպանության նախարարը:

Պատասխանելով հարցին, թե դատապարտում է նա զինվորականների այդ քայլը, Տոնոյանը խնդրեց սպասել հետաքննության արդյունքներին, դրանից հետո միայն ինչ-որ գնահատականներ տալ։