ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Սեփական դիրքորոշումն արտահայտելու Արցախի իրավունքը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի։ Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` խոսելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին։
Տարբեր մակարդակներով շփումը շարունակվում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ–երկրների` Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հետ։ Շատ կարևոր էր վերջերս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանի Հայաստան կատարած այցը։
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, և՛ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ։
Եվս մեկ կարևոր իրադարձություն կլինի Մոսկվայում նախատեսված առաջիկա հանդիպումը։
Նախարարը կրկին վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում։