«Ծրագրում եմ Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Կարո Փայլան

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը Ակունք պարբերականին տված հարցազրույցում խոսել է սպասվող ընտրությունների և իր Հայաստան այցի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ես կարծում եմ, որ Թուրքիայի հասարակությունը «Ոչ» կասի միանձնյա կառավարության այս համակարգին: Այս մասին Թուրքիայի ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ասել է Akunq.net-ին տված հարցազրույցում։ Նա նաև պարզաբանել է, թե ինչու է այս անգամ ինքը պատգամավոր առաջադրվել Դիարբեքիրից:

Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել «թուրք ժողովրդին վիրավորելու համար»

«Ներկայում Թուրքիայում մնացած հայերի, հույների, ասորիների և հրեաների մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Սակայն Անատոլիայում ևս դեռ շատ, թերևս` հարյուր հազարավոր մարդ կա, ով իրեն հայ է համարում, բայց նրանց մասին առանձնապես տեղյակ չեն Թուրքիայում: Դիարբեքիրում տարիներ շարունակ աշխատել եմ: Պայքարել եմ Դիարբեքիրի բազմաթիվ մշակույթները պահպանելու համար: Այդ իմաստով, հպարտ եմ, որ պիտի հանդես գամ որպես Դիարբեքիրի պատգամավոր: Սակայն, ես որպես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ամբողջ Թուրքիայի հայ պատգամավոր` պայքարելու եմ այստեղի բոլոր ժողովուրդների եղբայրության համար»,–ասել է Փայլանը:

Խոսելով վերջերս Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության մասին Կարո Փայլանը հիշեցրել է, որ Հայաստան իր վերջին այցի ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի հետ:

«Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ»,–ասել է Փայլանը: