ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ջավախահայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասովոր նվեր են մատուցել. Փաշինյանը Հայաստան կվերադառնա շան հետ։
Հայաստանի պատվիրակության վրաստանյան այցի երկրորդ օրը Փաշինյանն այցելել է Ջավախք և հանդիպել հայ համայնքի հետ։
Ախալքալաքի բնակիչները նրան սպասել են Սուրբ Խաչ եկեղեցու մոտ։
«Պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան, սա ձեր առանձնատան համար է»,- գոռացել են բազմություն միջից և ձեռքից ձեռք փոխանցել շանը։
Հիշեցնենք, որ Չալո անունով շունը թավշյա հեղափոխության սիմվոլներից էր դարձել։
Նշենք, որ Փաշինյանի այս այցը շատ կարևոր է, քանի որ վերջին տարիներին Հայաստանի առաջնորդներից ոչ ոք Վրաստան կատարած պաշտոնական ուղևորությունների ընթացքում Ջավախքում չի եղել։ Վերջին անգամ 2011թ-ի հունիսին հայաբնակ շրջան է այցելել միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Այազմա, Ֆոկա, Գանձա գյուղերում ու մյուս բնակավայրերում, չնայած անձրևոտ եղանակին ու քամուն, մեծաթիվ մարդիկ հավաքվել ու սպասում էին գլխավոր հրապարակում։ Տատիկներն ու պապիկներն անպայման ուզում էին համբուրել վարչապետին, երեխաների ձեռքին Փաշինյանի նկարներով պաստառներ էին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։
Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։