ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հետաքննությունը պարզում է, թե ինչու է ձերբակալվել Մասիսի քաղաքապետը, բայց ՀՀԿ-ն կաջակցի իր կուսակցին։ Այդ մասին հինգշաբթի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանը հինգշաբթի ձերբակալվել է ապրիլին բողոքի ակցիաների մասնակից ուսանողներին ծեծելու կասկածանքով։
«Հետաքննությունը ցույց կտա, թե այս գործում ինչն է իրավական, իսկ ինչը` քաղաքական։ Այսպես, թե այնպես ես` որպես պատգամավոր, միացել եմ ստորագրահավաքին և առաջարկել, որ իրավապահ մարմիններն ազատ արձակեն Համբարձումյանին», — ասաց նա։
Միաժամանակ Շարմազանովը բողոքեց, որ գործադիր իշխանությունը քաղաքական ճնշում է գործադրում։ Նրա խոսքով` դա երևացել է մայիսի 1-ին վարչապետի ընտրությունների ժամանակ և դրանցից հետո։
«Անհանդուրժողականության մթնոլորտի մասին խոսել են նաև ԵԽԽՎ համազեկուցողները ներկա իշխանությունների հետ հանդիպման ժամանակ», — նշեց Շարմազանովը։
Նա կարծում է, որ նման երևույթի հետ է կապված Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի վրա ճնշում գործադրելը։ Մայիսի 29-ին «Ռեստարտ ԵՊՀ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանում` պահանջելով ռեկտորի հրաժարականը։ Դրանից հետո Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց։