ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը

Հանրապետականը որոշել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հնարավորություն տալ, որպեսզի իրականացնի իր քաղաքական գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Այդ մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ–ն պատրաստ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի առաջարկած դրույթները

Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն շարունակելու է որպես դասական քաղաքական կուսակցություն իրականացնել իր գործունեությունը։

«Կառավարության ծրագրի հետ կապված՝ ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը և վիժեցնել ծրագրի ընդունումը։ Հնարավորություն պետք է տալ կառավարությանը՝ իրականացնել իր քաղաքական գործունեությունը։ Ինչպիսի ձևաչափով ՀՀԿ-ն կքվեարկի, կօժանդակի կամ չի խոչընդոտի, ցույց կտա ժամանակը։ Գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու։ Տրամաբանական եմ համարում, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի, բայց քննարկումները կլինեն բովանդակային, ըստ էության, որտեղ կտեսնենք շեղում, կներկայացնենք մեր հստակ դիրքորոշումը»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ իրենց օրակարգում արտահերթ, շուտափույթ ընտրությունների հարց չկա։

«Չկա այդ հարցը նաև Փաշինյանի օրակարգում։ Առաջիկա մի քանի ամիսներին արտահերթ ընտրությունների անցկացումը հրատապ հարց չէ։ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտաքին և ներքին քաղաքական հարցերը գործընկեր ուժերի հետ»,- ասել է նա։

ՀՀԿ Գործադիր մարմնի գումարած այսօրվա նիստը վարել է Սերժ Սարգսյանը։ Նիստին մասնակցել են առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, քննարկել են ներքաղաքական հարցերը, կուսակցության մարտավարությունը։