ՀՀ քաղաքացին փորձել է 300 հազար հատ ծխագլանակ տեղափոխել Ռուսաստան

«Վերին Լարս» հսկիչ անցակետում ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները հայկական արտադրության 300 հազար հատ ծխագլանակ են առգրավել։ Քրեական գործ հարուցելու հարց է քննարկվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից տեղափոխվող ծխագլանակների խոշոր խմբաքանակ են հայտնաբերել ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի մաքսատան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի ղեկի դիմաց ՀՀ քաղաքացի է եղել։

Ստիպված կլինեն թողնել ծխելը. ինչպե՞ս նոր նախարարը կպայքարի այդ վնասակար սովորության դեմ

«Բեռնատարի խուզարկման ընթացքում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են հայկական արտադրության 300 հազար հատ ծխագլանակ», — նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ ապրանքը սահմանված կարգով հայտարարագրված չի եղել։ Ներկա պահին որոշվում է մաքսանենգ ապրանքի վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը։

Լուսանկարներից դատելով` առգրավվել է «Grand Tobacco» ընկերության Classic Ultima տեսակի ծխախոտ։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։