Սեֆիլյանի գործով դատական նիստը ստիպված ավարտվեց. նրա կողմնակիցները շարունակում են բողոքել

Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների գործով վերաքննիչ դատական նիստը հետաձգվեց. ոստիկանությունը չէր կարողացել ամբաստանյալներին հասցնել դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Պատճառն այն էր, որ ամբաստանյալներին դատարան չէին բերել։

Ժողովրդի հետ չի կարելի խոսել սպառնալիքներով. Փաշինյանը պատասխանեց Սեֆիլյանին

Դատարանը հայտարարեց` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանը գրությամբ հայտնել է, որ այս ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել։

Այս հայտարարությունը դատարանի դահլիճում ու նաև բակում հավաքվածները բողոքի բացականչություններով ընդունեցին։ Ներկաները դատարանից բացատրություն պահանջեցին, թե ինչ ասել է` «ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել»։

Դատավորը հայտարարեց` քանի որ գրությունը ստացվել է նիստից 15 րոպե առաջ, այն իրենց համար ևս անակնկալ է եղել։

Այդուհանդերձ, աղմուկը դատարանում չդադարեց և դատավորը ստիպված եղավ ազդարարել նիստի ավարտը։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 6-ին, 12։00-ին։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն ոստիկանությունից հայտնել են, որ ամբաստանյալների տեղափոխումը դատարան անհնար է եղել «աշխատանքային ծանրաբեռնվածության և տեխնիկական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով»։

«Պետք է հասկանալ, որ ոստիկանությունում չկա տեխնիկական միջոց, որպեսզի 7 կալանավորներին ներկայացնեն դատարան, և որ ուղեկցող գումարտակը չգիտես ինչով է ծանրաբեռնված»,- ասաց նա։

Տեղի ունեցածը փաստաբանն այսպես է մեկնաբանում. «Ոստիկանությունը չի կարող չկատարել դատարանի որոշումը։ Եթե որևէ պետական մարմին չի կատարում դատարանի որոշումը, սա քրեորեն պատժելի արարք է»։

Ի դեպ, Տիգրան Հայրապետյանը մինչ այդ հայտարարել էր, որ դատական նիստի ընթացքում պատրաստվում է կալանավորումը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացնել, ինչը, փաստորեն, դատական նիստի չկայանալու պատճառով, խափանվեց։

Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց

Այդուհանդերձ, փաստաբանը դրանում միտում չի տեսնում։

Սեֆիլյանի կողմնակիցներն այս պահին որոշել են մնալ Վերաքննիչ դատարանում` պահանջելով, որ ոստիկանության պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկը հանդիպի իրենց հետ ու տա հստակ պարզաբանումներ։

Հիշեցնենք` այս տարվա մարտի 20-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավճռի համաձայն` դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույքի ոչնչացմամբ։ Իսկ 2016թ-ին` սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ռազմավարական նշանակության շենքեր գրավելու նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք։