Հա՛մ եղում են, հա՛մ դեղում. կառավարությունը Սամվել Ալեքսանյանին արտոնությո՞ւն կտրամադրի

Մինչ ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում ԱԺ ՀՀԿ պատգամավորի հետ առնչվող մի ընկերությունում, կառավարությունն առաջարկում է արտոնություններ տալ նրա հետ առնչվող մեկ այլ ընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է հարկային արտոնություն տրամադրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ–ին։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագիծն ընդգրկված է կառավարության` հունիսի 1-ին նախանշված նիստի օրակարգում։

«Ալեքս Հոլդինգը» միլիոնների չարաշահում է կատարել` համագործակցելով ՊԵԿ ղեկավարության հետ

Նախագծի համաձայն` «Ալեքս Տեքստիլին» առաջարկվում է ազատել «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից»։

Նախագծի հեղինակները վստահ են, որ արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման համար:

Նախագծից պարզ է դառնում նաև, որ ներմուծվող ապրանքը տրիկոտաժե գործվածքներ են Թուրքիայից և Ուզբեկստանից։

Նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառված է զեկուցվող հարցերի շարքում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն հաստատվելուց առաջ մանրամասն ներկայացման ու քննարկման կարժանանա։