Բաքվի հռետորաբանությունը պետք է կանխվի. ՀՀ արտգործնախարար

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ բազում հարցեր է քննարկել, որոնցից մեկն էլ վերաբերել է ղարաբաղյան հակամարտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել։

«Բաքվի հռետորաբանությունն ամբողջությամբ հակառակն անելով՝ բացասական է ազդում, և հետևապես պետք է կանխվի»,- ասել է Մնացականյանը։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян встретился со спецпредставителем ЕС по Южному Кавказу и кризису в Грузии Тойво Клааром (29 мая 2018). Еревaн