ԱԱԾ–ն ուսումնասիրում է սոցապ ոլորտում կոռուպցիայի առկայության մասին փաստերը

Առաջիկայում քրեական գործեր կարող են հարուցվել նաև սոցապ նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնաբերված բոլոր փաստերը ներկայացրել է քննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերվել են կոռուպցիոն չարաշահումների մասին վկայող փաստեր ու արդեն ներկայացվել են ԱԱԾ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Ո՞ւր է տանում «Նորֆոլկի» կծիկը, ովքե՞ր են խառնված կոռուպցիոն սխեմայում. քննարկում ԱԺ–ում

«Խախտումները տարբեր բնույթի են, և դրանց ուսումնասիրությունը երկար ժամանակ է պահանջում, հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ։ Ես չէի ցանկանա ինչ-որ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»,– ասաց Մանե Թանդիլյանը` ի պատասխան լրագրողների` հետաքննվող փաստերի հետ առնչություն ունեցող պաշտոնյաների մասին հարցերի։

Մանե Թանդիլյանի խոսքով` նախարարությունը նաև բազմաթիվ անանուն դիմումներ է ստանում, որոնցում նշված փաստերը ևս քննության առարկա են դառնում։ Թե ինչ փաստեր են դրանք, նախարարը չցանկացավ հայտնել, բայց նշեց, որ լուրջ քննության առարկա է հատկապես բժշկասոցիալական փորձաքննությունների համակարգը։

«Խորքային աշխատանք ենք կատարել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացները»,– ասաց Մանե Թանդիլյանը` խոստանալով առաջիկայում բացահայտված փաստերի մասին առավել մանրամասն տեղեկություններ հրապարակել։

Ներկայացված բոլոր փաստերն ԱԱԾ–ում առայժմ ուսումնասիրում են։ Sputnik Արմենիային Մանե Թանդիլյանն ասաց, որ իր տեղեկություններով` այսօրվա դրությամբ հարուցված քրեական գործեր չկան։