Շիրակ Թորոսյանն էլ լքեց «Հանրապետական» խմբակցությունը

Պատգամավորը լքում է ՀՀԿ խմբակցությունը, բայց չի հրաժարվում պատգամավորական մանդատից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը:

«Դուրս եմ գալիս ՀՀԿ–ից». Վլադիմիր Գասպարյանի փեսայի հայտարարությունը

«Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եւ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից»,- հայտարարել է պատգամավորը։

Նա միաժամանակ նշել է, որ խորհրդարանական գործունեությունը շարունակելու է որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չէր եղել ՀՀԿ խմբակցության հետ:

Նշենք, որ այսօր «Հանրապետական» խմբակցությունից և ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարել էր նաև պատգամավոր Արթուր Գևորգյանը, որը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է։