Բաքվի «Հարավային գազային միջանցքը». խողովակը կա, մնում է գազ գտնել

TANAP գազատարի համար Ադրբեջանին որպես հիմնական ռեսուրսային բազա դիտարկելիս եվրոպացիները պետք է հաշվի առնեն, որ Բաքվի համար հետզհետե ավելի դժվար է լինելու կատարել այդ խողովակը լցնելու պարտավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկեց «Հարավային գազային միջանցք» նախագծի առաջին փուլի գործարկման արարողությունը։

«Հարավային գազային միջանցքը» խողովակաշարերի համակարգ է, որով նախատեսվում է «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրից արդյունահանած ադրբեջանական գազը փոխադրել Թուրքիա և ԵՄ երկրներ։

Ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

Ադրբեջանական գազի մատակարարումն իրականացվելու է Հարավկովկասյան գազատարով, որն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարությամբ և Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով անցնող Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) շինարարությամբ։

Նախատեսվում է, որ եվրոպական շուկա գազի մատակարարումը կսկսվի 2020 թվականին, և հետագայում Ադրիատիկ ծովի հատակով ամեն տարի մոտ 10 մլրդ խմ գազ կմատակարարվի, ինչը կազմում է ԵՄ պահանջարկի մոտ երկու տոկոսը։

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով` TANAP-ի ենթադրյալ գործարկումը որոշակի ռիսկեր է պարունակում եվրոպական շուկային բնական գազ մատակարարող «Գազպրոմի» համար, որի եվրոպական գազասպառման մասնաբաժինը 2017 թվականին 36% կամ 193 մլն խմ է կազմել։ Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, եվրոպացիները նախկինի պես շահագրգռված են ռուսական գազի մատակարարման հարցում, ինչի մասին վկայում է եվրոպական որոշ երկրների, օրինակ «Հյուսիսային հոսք — 2» նախագիծն առաջ տանող Գերմանիայի և Ավստրիայի հռետորաբանությունն ու գործողությունները։

«TANAP-ն, իհարկե, մրցակցություն է ստեղծում ոչ միայն «Հյուսիսային հոսք — 2»-ի համար։ Այն ռուսական այլ մրցակիցներ ևս ունի` ի դեմս «Թուրքական հոսքի», ինչի մասին ժամանակին ցավագին արտահայտվեց Ալիևը, ինչպես նաև ի դեմս ռուսական «Յամալ հեղուկ բնական գազ»-ի, որը միտված է բնական հեղուկ գազ մատակարարել եվրոպական շուկա», — նշեց փորձագետը։

Զուգահեռ պետք է հաշվի առնել նաև ամերիկյան շահը, այն է` դեպի Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումը, ինչպես նաև Իսրայելի շահը, որն ակտիվացրել է արդյունահանումը «Լևիաֆան» և «Թամար» գազային հանքավայրերում` եվրոպական շուկան գրավելու նպատակով։ Գազի եվրոպական շուկայում ևս մեկ խաղացող կա` Իրանը, որը ձգտում է կայուն կերպով գազ մատակարարել եվրոպական ուղղությամբ, ինչպես նաև Ալժիրն ու Եգիպտոսը, որոնք հեղուկ բնական գազի եվրոպական շուկայում որոշակի տեղ արդեն զբաղեցնում են։

Ռուսականից թանկ է. նախարարն ասաց` որքան կարժենար իրանական գազը Հայաստանի համար

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը դիտարկելով որպես TANAP-ի հիմնական ռեսուրսային բազա` եվրոպացիները պետք է հաշվի առնեն, որ Բաքվին գնալով ավելի դժվար կլինի կատարել այդ խողովակը լցնելու իր պարտավորությունները։ Ադրբեջանում այսօր ակնհայտ է գազի արդյունահանման կրճատումը», — նշեց Դավթյանը։

Բաքուն խաղադրույք է անելու Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի ու Թուրքմենստանի վրա։ Վերջինը` ի դեմս Ռուսաստանի, սպառման բավական խոշոր շուկա կորցնելով` այսօր ձգտում է առավելագույնս դիվերսիֆիկացնել արտաքին մատակարարումները։ Զրուցակցի խոսքով` այսօր փաստորեն կրկնվում է 2006 թվականի սցենարը, երբ սթափ գնահատելով սեփական նավթային բազայի խնդիրները, Ադրբեջանը դիմել է Ղազախստանին` առաջարկելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը լցնել ղազախական նավթով։