Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի խաղաղության և անսասանության համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք և Ամենայն հայոց կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին Գոհաբանական մաղթանք կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը շրջեց պատմության ընթացքը. Բաբլոյան

Առաջին անգամ հայ եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի տնօրինությամբ 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:

Մաղթանքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:

Հանդիսավոր թափորը Մայր Տաճարի առջևից, ավետաբեր տոնական զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Բաց խորան, ուր սկսվեց Գոհաբանական մաղթանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի Հանրապետության խաղաղության և անսասանության համար:

Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը տոնի և 100-ամյա հոբելյանի առիթով իր պատգամն ուղղեց համայն հայությանը:

«Մենք միասնական մեր աղոթքը բարձրացրեցինք՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և հայցեցինք Երկնավորից խաղաղություն մեր երկրին, անսասանություն՝ մեր պետությանը, բարօրություն՝ մեր ժողովրդին: Խնդրեցինք Տիրոջ օգնությունը՝ համերաշխության ու եղբայրասիրության ոգով հաղթահարելու մեր կյանքում հառնած խնդիրներն ու հրամայականները»,- նշեց նա:

Փոթորկի պահին ծնվածը․ Հայաստանի առաջին Հանրապետությունը հարյուր տարեկան է

Գարեգին Բ-ի խոսքով` հայրենասիրության և ազգասիրության նվիրական զգացումները, հայրենի պետականության շահերով առաջնորդվելու ձգտումը մեր ժողովրդի զավակները ամուր պահեցին նաև այս օրերին, քաղաքական ու հասարակական կյանքի նոր զարգացումների մեջ:

«Առկա խնդիրների հանդիման՝ մեր ժողովուրդն այսօր համակված է բարեփոխումներ իրականացնելու աննվազ վճռականությամբ ու նաև ձգտումով՝ շարունակելու հաստատել մեր երկրի ընթացքը խաղաղության, օրինահարգության, առաջադիմության շավիղներում: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով»,- նշեց նա։

Կաթողիկոսն ընդգծեց` առաջին քրիստոնյա պետությանը վայել է բերել օրինակը համերաշխության, եղբայրասիրության, որն առավել համախմբում է հասարակությանը՝ ի շահ առաջընթացի նպատակների իրագործման։