ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ: Ուղերձը հրապարակել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց պատմության ընթացքը: Մայիսյան համաժողովրդական հերոսամարտերը պսակվեցին Սարդարապատի փառահեղ հաղթանակով և դարձան ա՛յն հենասյուները, որոնց վրա խարսխվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը»,- նշել է Բաբլոյանը:
Նրա խոսքով` մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը: Այդ իրավունքը միասին նվաճեցին հայ կադրային զինվորականը, արևմտահայ գաղթականն ու կովկասահայ շինականը, արցախցի մարտիկն ու հայ հոգևորականը: Եվ սերունդներին ավանդեցին պետականության անփոխարինելիության ու հայության ուժերի նկատմամբ հավատի վրա հիմնված արժեքային համակարգ, որի կրողն այսօր մենք ենք:
Բաբլոյանը նշել է, որ պատմաքաղաքական բարդագույն պայմաններում կարճ կյանք ունեցավ մեր վերածնված պետականությունը, բայց նրա գոյության երկուսուկես տարիները բավական եղան՝ ապահովելու ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, լուրջ քայլեր ձեռնարկելու զինված ուժերի ստեղծման, պետական ու հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:
«Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին»,- նշված է Բաբլոյանի ուղերձում:
ԱԺ նախագահը կրկին շնորհավորել է ողջ հայ ժողովրդին նվիրական տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, երջանկություն, ստեղծարար աշխատանք, ազատ պետություն կերտելու կամք և վճռականություն: