ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Չորս ռուս զինծառայող մահացել են Սիրիայում Դեր Զորի շրջանում սիրիական բանակի դիրքերի վրա գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու ռուս զինվորական խորհրդատու, որոնք կառավարում էին սիրիական հրետամարտկոցի կրակը, մահացել են տեղում։ Եվս հինգ ռուս զինծառայող վիրավորումներ են ստացել ու արագ տեղափոխվել ռուսական ռազմական հոսպիտալ», — նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուս ու սիրիացի զինծառայողները մոտ մեկ ժամ մարտնչել են գրոհայինների դեմ, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով` 43 ահաբեկիչ է սպանվել։
Ավելի ուշ գերտեսչությունում հայտնել են, որ երկու խորհրդատուներից բացի մահացել են մարտում վիրավորում ստացած երկու զինվորականները։
Բոլոր ռուս զինծառայողներին պետական պարգևների են ներկայացրել։