Էլթոն Ջոնի հայաստանյան այցը կներառվի երգչի համաշխարհային ճանապարհորդության մասին ֆիլմում

Հայաստանյան այցի մասին տեսանյութերը կներառվեն Էլթոն Ջոնի մասին պատմող ֆիլմում ու կցուցադրվեն աշխարհում։ ՀՀ Նախագահի համոզմամբ` սա Հայաստանի մասին աշխարհին պատմելու հնարավորություն է։
Sputnik

Էլթոն Ջոնի հետ Հայաստան է ժամանել նաև նկարահանող խումբ, որի կատարած նկարահանումները տեղ են գտնելու երգչի մասին պատմող ֆիլմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում ստեղծած «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ երգիչը։

«Էլթոն Ջոնը մարդ է, ում միջոցով կարող են իմանալ Հայաստանի մասին, վերաբերմունք ձևավորել»,– ասաց Արմեն Սարգսյանը։

Էլթոն Ջոնը «Երևան իմ սեր» հիմնադրամում է` առողջական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Վաղն առավոտյան ամերիկացի երգիչը մեկնում է Հայաստանից, բայց Արմեն Սարգսյանը խոստացավ, որ նա կվերադառնա` «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով, բարեգործական ծրագրով ու գուցե նաև` համերգով։

Նախագահը պարզաբանեց նաև,  թե ինչ նպատակով են իր նախորդ հյուրերը` մասնավորապես` արքայազն Չարլզը Հայաստան եկել։

2010 թվականին արքայազն Չարլզի այցի մասին մամուլի հրապարակումներին անդրադառնալով` Արմեն Սարգսյանն ասաց. «Հիմարություններ գրեցին, որ եկել է հանքի համար: Մարդը Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է «Երևան, իմ սեր» ծրագրին, մարդ, որը հրաշալի գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր այստեղ Հայաստանը տեսնելու»,-ասաց նա։

Արմեն Սարգսյանի խոսքով`բարեկամությունից բացի միակ արժեքավոր բանն արքայազն Չարլզի համար Հայաստանում, Սարգսյանների նվիրած փոքրիկ այգին է, որի տեղը նախագահը լրագրողներին չցանկացավ հայտնել, բայց ասաց, որ այն շատ փոքր է։