ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանի բարձրակարգ ռեստորաններից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կնոջ` Նունե Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կնոջ` Աննա Հակոբյանի հետ ընթրել են անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնի և նրա ամուսնու հետ։
Ընթրիքից հետո ռեստորանից դուրս եկած երաժիշտը լրագրողների` Հայաստանից ստացած տպավորությունների մասին հարցին մեկ բառով պատասխանեց` ֆանտաստիկ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ Էլթոնի Ջոնի հետ քննարկել են տարբեր թեմաներ։ «Դեսից–դենից ենք խոսել»,–նշեց նա։
Ռեստորանի մոտ հավաքվածները մեծ ոգևորությամբ դիմավորեցին ինչպես Հայաստան այցելած հյուրին, այնպես էլ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին։
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 26–ին։ Նրա այցը բարեգործական նպատակ է հետապնդում։ Երգիչն իր աջակցությունն է բերել «Հայաստան, իմ սեր» հիմնադրամին։