Դուք չկաք, տիկին. ինչպես է 111-ամյա Լյուսի տատը հայտնվել «մեռյալների թագավորությունում»

Լյուսի Միրիջանյանը չի պատասխանել կարևոր նամակին, ինչից հետո ստիպված է եղել տարբեր դռներ թակել արդարությունը վերականգնելու համար։ Բայց 111-ամյա տատիկը չի վախեցել դրանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Լյուսի Միրիջանյանը 111 տարեկան է, բայց պարապ մնալ չի սիրում։ San Francisco Chronicle-ի թղթակիցները նրան «բռնացրել» են սիրելի գործի վրա՝ փազլ հավաքելիս։

«Ես ծեր եմ, բայց հիմար չեմ։ Մարդկանց թվում է, որ տարեցները ոչինչ չեն հասկանում, բայց այդպես չէ», — ասում է նա՝ կտորներով հավաքելով շան գլուխն ու թաթերը։

Տատը սիրում է կյանքը և շարունակում վայելել այն, իսկ կենսաթոշակի հարցերով զբաղվող մարմինը նրան այն աշխարհ է ուղարկել։ 2017թ-ի նոյեմբերին հարցում են ուղարկել Լյուսի Միրիջանյանին` արդյո՞ք ողջ է նա։ Տատն այդ հարցմանը չի պատասխանել։ Ասում է՝ նամակ չի ստացել։ Եվ ահա արդեն մի քանի է` զրկվել է ամսական 377 դոլար կենսաթոշակից։ Նրան զրկել են նաև սոցիալական ապահովագրությունից։

Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

Լյուսի Միրիջանյանը, նրա դուստր Սոնեն և փեսան՝ Ջեք Կուջակյանը, գրել ու զանգել են կենսաթոշակային մարմիններ։ Բայց պաշտոնյաներն անդրդվելի են մնացել. եթե ջնջել են, ուրեմն նա մահացած է և թող թոշակի հույս չունենա։ Ընտանիքը դիմել է կոնգրեսական Ջեքի Շփայերի գրասենյակ։ Նրա օգնականի զանգերն անմիջապես փոխել են իրադրությունը։ Մեկ շաբաթ անց տատիկի համար վերջապես բացել են այս աշխարհի դուռը, վերականգնել են ամսական 377 դոլար թոշակը, իսկ չվճարած գումարն էլ վերադարձրել են։

Ինչպես ասում է Միրիջանյանը, դա շատ տեղին է եղել։ Քանի որ նրա ընտանիքը ծրագրում է հանգստանալ Կալիստոգայում՝ Նապա հովտում։

«Իսկ հյուրանոցը թանկ է»,- ավելացնում է տիկին Լյուսին՝ հերթական անգամ ապացուցելով, որ առողջ բանականություն ունի։

Միրիջանյանը ծնվել է բոլորովին այլ աշխարհում։ 4 տարեկանում նա ծնողների հետ հեռացել է Արևմտյան Հայաստանից, սկզբում` ավանակին նստած վրա, հետո՝ շոգենավով։ 1910թ-ն է եղել։

Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է, մեծացրել երեխաներին, դասավանդել կիրակնօրյա դպրոցում, իսկ թոշակի անցնելուց հետո նոր զբաղմունք է գտել. արձանիկներ է պատրաստել ուլունքներից։ Ամուսինը մահացել է 1998-ին, միասին 40 տարի են ապրել։