Առևտրի կենտրոն`դպրոցին կից կանաչ գոտում. վաճառքի հայտարարությունն իրարանցում է առաջացրել

Երևանի կենտրոնում գտնվող դպրոցի երեխաները կարող են զրկվել իրենց խնամած կանաչ տարածքից: Պարզվում է` տարածքն արդեն տեր ունի, որը «վաճառվում է» գրությամբ ցուցանակ է դրել դպրոցի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ահազանգել է Երևանի Չարենցի փողոցում գտնվող` Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հարակից տարածքի վաճառքի մասին:

«Սա իմ դպրոցն է, հանրային տարածք, փոխանակ բարեկարգեն, վաճառում են: Տվել են մասնավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը:

Դպրոցին կից ժամանակին բարեկարգ կանաչապատ տարածքն իսկապես վաճառվում է: Այնտեղ արդեն այդ մասին ազդարարող ցուցանակ է տեղադրվել: Թե ով է տարածքը վաճառողը դպրոցում չգիտեն:

Դպրոցի տնօրինությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ թեև Չարենցի փողոցից մինչև դպրոց բարձրացող աստիճանավանդակը դպրոցին չի պատկանում, բայց այն մշտապես բարեկարգվել ու մաքրվել է բացառապես դպրոցի կոլեկտիվի ու դպրոցականների ձեռքերով` շաբաթօրյակների ժամանակ:

«Դպրոցի տարածքն ավարտվում է բակի դարպասներով, դրանից դուրս գտնվող տարածքը մերը չէ»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի փոխտնօրենը:

Թե ով է տարածքը վաճառողը և ինչ նպատակ է հետապնդում, դպրոցում տեղյակ չեն: Բայց կարևորում են, որ տարածքը մնա բարեկարգ կանաչ գոտի, անվտանգ`երեխաների համար:

Դպրոցից նաև հայտնեցին, որ ժամանակին դպրոցի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը տարածքը բարեկարգելու առաջարկով դիմել է քաղաքային իշխանություններին, բայց մերժում է ստացել` պատճառաբանությամբ, թե տարածքն արդեն մասնավորեցված է և այլ տեր ունի:

Կրթության նոր նախարարի ու «Այբ» դպրոցի մենամարտը. ո՞վ կտուժի այս աղմուկից

Ի դեպ, դպրոցամերձ տարածքի վաճառքի հայտարարությունը ոչ միայն փողոցում, այլև անշարժ գույքի վաճառքով զբաղվող grav.am կայքում է տեղադրված:

«Չարենց փողոց 25/1 հասցեում գտնվող 0.09633 հա մակերեսով հողատարածք: Տարածքում նախատեղված է կառուցել առևտրի կենտրոն` ստորգետնյա ավտոկայանով, կա պատրաստի նախագիծ»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշված հեռախոսահամարով մեր զանգին ի պատասխան հայտնեցին, որ տարածքի արժեքը 350 000 ԱՄՆ դոլար է: Հարցին, թե արդյո՞ք գնորդը պարտավոր է իրականացնել հենց այդ նախագիծը, գործակալությունից այսպես պատասխանեցին.

«Այդ պայմանը ես չեմ կարող ասել: Այդ պայմանը հենց վաճառողի հետ է պետք ճշտել»: Իսկ հարցին թե ո՞վ է վաճառողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս գույքի հետ կապված հայտը մեզ ներկայացրել է «Ամերիաբանկ» ընկերությունը»:

Նշենք նաև, որ դպրոցի հարակից տարածքում ստորգետնյա առևտրի կենտրոնի և կայանատեղիի գաղափարն ու նախագծային առաջարկը տարիներ առաջ ներկայացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետ, արվեստանոցի վարիչ Մհեր Չերքեզյանը:

1 / 3
Առևտրի կենտրոնի նախագիծը
2 / 3
Առևտրի կենտրոնի նախագիծը
3 / 3
Առևտրի կենտրոնի նախագիծը