Ամերիկյան խոշոր ընկերությունը հեռուստատեսային նախագիծ կնկարահանի Հայաստանի մասին

Հանրահայտ ընկերությունը նաև մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Ամերիկյան խոշոր Associated Television International ընկերությունը հայտարարում է, որ 6 մասից բաղկացած դրամատիկ հեռուստատեսային նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։

«Գագարին հյուրանոց»` հայկական ակցենտով. Հովհաննես Ազոյանը նկարահանվել է իտալական ֆիլմում

Արտադրության մեկնարկն այս տարվա հուլիսին կտրվի։ Վեց ծրագրերը կհեռարձակվեն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսությամբ և POPSTAR ալիքով։

Ընկերությունը պատրաստվում է հեռարձակել դրանք 2018 թվականի հոկտեմբերին: ATI- ի նախագահ Դեյվիդ Մկքենզիի խոսքի համաձայն, սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու և այն համաշխարհային կինոշուկայում որպես կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության կենտրոն ներկայացնելու համար:

Ընկերությունը նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին պատմող մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի։ Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։

Պատմիչների դերում հանդես կգան ամերիկացի աստղեր Դին Քեյնն ու Մոնտել Վիլյամսը։ Մկքենզին, Քեյնն ու Վիլյամսը «Ժխտում» հեռուստաֆիլմի հեղինակներն են։ Նրանք նաև «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրականի հեղինակներն են։

Արցախի հանդեպ ալերգիա. Բաքվի պահանջով Թուրքիայում արգելել են հայ–իրանական ֆիլմը

Աննախադեպ այս նախագծի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ազդում Հայաստանի վրա: Մկքենզին նաև ասում է, որ կարևոր է կինոյի և հեռուստատեսության մասնագետներին ցույց տալ, որ Հայաստանը ոչ միայն ստեղծագործական ներուժ ունի, այլև հիանալի վայր է նկարահանումների համար։

«Մենք հուսով ենք, որ սա կխթանի Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացումը»:

Նա հայտարարել է նաև, որ ևս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կցուցադրվեն ամբողջ աշխարհում։ Նպատակը՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտին աջակցելն է։

Associated Television International (ATI) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը շուրջ երեք տասնամյակ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ոլորտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։

ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխությանն են առաջադրվել: