ՀՀ նախագահը խոսել է սփյուռքի հայերին` ընտրություններին մասնակից դարձնելու մասին

ՀՀ նախագահը նշում է, որ մենք պետք է մտածենք մեկ ազգի նման՝ չբաժանելով Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Սփյուռքին որպես դոնորի վերաբերվելը մտահոգություն է առաջացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարարն աշխատելու է հայրենադարձության ուղղությամբ

«Երբ մենք խոսում ենք ազգային շարժման մասին, հարց է ծագում `արդյո՞ք սփյուռքը նրա համար է, որ փող ուղարկի և մասնակցություն չունենա: Կարծում եմ` դա սխալ է։ Նրանք, ովքեր ներդրում են կատարում, պարտականությունների հետ մեկտեղ պետք է իրավունքներ ունենան», — նշեց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը նկատեց, որ գուցե մի օր մենք կհասնենք այն բանին, որ նրանք քվեարկելու իրավունք կունենան:

Արմեն Սարգսյանը այս կոնտեքստում հիշատակեց Իսրայելին, որտեղ հրեան, քաղաքացիություն ստանալով, պարտավոր չէ մի քանի տարի ապրել երկրում՝ առանցքային պաշտոններ զբաղեցնելու իրավունք ստանալու համար: «Սփյուռքում մեծ սեր կա պատմական հայրենիքի նկատմամբ, և մեր նպատակն է բաց ու ազնիվ կերպով ներգրավել սփյուռքահայերին, ու ոչ թե փող պահանջել և ասել`փող տվեք, գործ չունեք։ Երբեմն նման սահմանափակումները տարածվում են Սփյուռքի այնպիսի ականավոր ներկայացուցիչների վրա, ինչպիսին Ազնավուրն ու Քըրքորյանը»,–նշեց ՀՀ նախագահն ու հավելեց, որ մենք պետք է մտածենք մեկ ազգի նման՝ չբաժանելով Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բնակիչներին։