Ինչն է խանգարում. Արտաշես Սարգսյանը չի պատկերացնում Հայաստանի գոյությունն առանց Ռուսաստանի

Հայերը Ռուսաստանին շատ նվիրված են, և դա պետք է էլ ավելի ամրապնդվի, վստահ է ռուսաստանցի հայ պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռուսաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում, և դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի պրոդյուսեր և սպորտային մեկնաբան Արտաշես Սարգսյանը։

Նա կարծում է, որ Ռուսաստանի և ռուսների հանդեպ հայերի նվիրվածության աստիճանը բարձր է, և անհրաժեշտ է դա ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել։

Արմեն Գրիգորյանի նշանակումը Ռուսաստանի, Իրանի և Արցախի սրտով չէ. «Հրապարակ»

Պատասխանելով Հայաստանում «թավշյա հեղափոխության»  մեջ Արևմուտքի դերի մասին հարցին` Սարգսյանը հայտարարել է, որ նա չի բացառում արևմտյան գործոնի առկայությունը։ Նա վստահ է, որ Հայաստանում Ռուսաստանի մեկնարկային հնարավորություններն ավելի լավն են, քան արևմտյան երկրների` չնայած ամերիկյան դեսպանատան և տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքին, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին։

Պրոդյուսերը հիշեցրել է, որ Ռուսաստանում շատ հաջող հայկական համայնք կա, որը լուրջ դեր է խաղացել Հայաստանի կյանքում։

Բացի այդ, նա նշել է, որ դեսպանատունը պետք է աշխատանք տանի հայ հասարակությունում։ Հայաստանում նաև գործում են ռուսալեզու ԶԼՄ–ներ, որոնց պետք է աջակցել։

«Աշխատանքը կիսատ է արված։ Ի՞նչն է խանգարում։ Ռուսական ազդեցության գործակալներն այնտեղ նույնպես շատ են։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի գոյությունն առանց Ռուսաստանի», – նշել է Սարգսյանը։

Նա վստահ է, որ Հայաստանում բոլորը հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի հետ ընկերությունն այլընտրանք չունի։

«Ռուսաստանի հետ չհամագործակցել պարզապես անհնար է». Փաշինյան

Ավելին`Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում արտահայտվել է Հայաստանի եվրասիական ինտեգրման դեմ, իշխանության գալուց հետո միանգամից հասկացնել է տվել, որ փոխել է իր դիրքորոշումը։ Հայաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը հավերժ է։

Այլ բան է, որ կան մի շարք հարցեր, որոնք քննարկումներ և երկխոսություն են պահանջում։ Օրինակ` Ադրբեջանին սպառազինություններ առաքելու հարցը։

«Բայց այդ հարցերը գործընկերների քննարկման թեմա են։ Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ լինել չի կարող», – վստահ է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ռուսական «Ռոսնեֆտ» կորպորացիայի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի հայտարարություններին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա, պրոդյուսերի կարծիքով, չպետք է ուշադրություն դարձնել դրան։ Սակայն նրան հասկանալի է հայերի զգացմունքային արձագանքը. Լեոնտևը ոչ միայն լրագրող է և վերլուծաբան, այլ նաև լուրջ կառույցի ներկայացուցիչ։

Սարգսյանը կարծում է, որ նման անբարյացակամ մեկնաբանությունները կարող են բացասաբար ազդել Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքի վրա։