Հայաստանի մշակութային դաշտի խնդրահարույց հարցերից մեկը հավասարության սկզբունքի պահպանումն է։ Այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Շատ խնդրահարույց է հավասարության դաշտը, օրինակ` դրամաշնորհներ տրամադրելու սկզբունքներն ու մեխանիզմները։ Պատրաստվում ենք տարբերակներ ու մեխանիզմներ մշակել, որպեսզի որևէ մեկը չունենա այն մտավախությունը, թե ինչ-որ մեկին դրամաշնորհ տրամադրելու հարցում պետական հովանավորչություն է լինելու»,- նշեց նա։
Նախարարի խոսքով` որոշակի խնդիրներ կան օրենսդրական դաշտում, օրինակ` կինոյի հետ կապված խնդիրը։
«Հենց այսօր հանդիպում եմ ունեցել կինոգործիչների հետ, նրանք ներկայացրել են իրենց նախագծի առաջարկը։ Բոլոր առաջարկները ներկայացվում են համապատասխան բաժին, որը եզրակացություն է տալիս, այնուհետև կունենանք բաց քննարկում և, ըստ դրա, կորոշենք, թե ինչ ընթացք է լինելու»,- ասաց Մակունցը։
Նա խոսեց նախ անտեսված գործիչների մասին` նշելով, որ դա ամենակարևոր խնդիրներից մեկն է։
«Ոչ միայն կինոյի դաշտում, այլ մշակույթի ոլորտում ընդհանրապես կան անտեսված գործիչներ։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք թափանցիկություն ապահովելու, որպեսզի չլինի այնպես, որ մեկ կազմակերպություն կամ մեկ անձ ունենա պետական սուբսիդիաներից օգտվելու հնարավորություն, իսկ մյուսները չունենան»,- ասաց նա։
Նախարարը խոստացավ` հնարավորին ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան մշակել այդ մեխանիզմը։