Կենդանիներին տանջել են, փողերը` «կերել». «Յունիգրաֆ–իքս»–ի շուրջ սկանդալ է ծավալվել

«Յունիգրաֆ–իքս» ընկերության շուրջ ծավալված աղմուկը բուռն քննարկման թեմա է դարձել։ Գործով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը, իսկ կենդանիների պաշտպանները սպասում են արդյունքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի կենդանապաշտպանները արդեն որերորդ տարին է` ահազանգում են` բողոքելով շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-իքս» ընկերության գործունեության դեմ։ «Յունիգրաֆ-իքս»-ի ժամը կարծես թե վրա հասավ. ոստիկանությունը հայտարարեց, որ ընկերությանը կասկածում են փողերի լվացման համար։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2009 թվականից ի վեր ամեն տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցել և հաղթել է նույն ընկերությունը՝ «Յունիգրաֆ-Իքսը»՝ ստանալով տարեկան մոտ 100 միլիոն դրամ, որը հիմնականում ծախսվել է ոչ թե նշված նպատակների համար, այլ, ըստ ամենայնի, յուրացվել է։

1 / 2
Շները՝ «Յունիգրաֆ իքս»-ում
2 / 2
Շները՝ «Յունիգրաֆ իքս»-ում

Sputnik Արմենիան կապ հաստատեց «Յունիգրաֆ-իքս»-ի հետ, բայց ընկերության մեկնաբանությունները բավարար չէին։ Այնտեղից հայտնեցին, որ գործը դեռ ոստիկանությունում է, և իրենք չեն կարող և պարտավոր չեն որևէ բան մեկնաբանել։

«Որևէ բան մեկնաբանելու իմաստ չենք տեսնում։ Պատասխանի կամ հակափաստարկի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ գործը ոստիկանությունում է», — նշեցին ընկերության ներկայացուցիչները։

Համակարգի դեմ

Իրավապահները պարզել են, որ 2016-2018 թվականներին վերոնշյալ ընկերությունը քաղաքապետարանից շուրջ 267 մլն դրամ է ստացել։

«Դինգո թիմ» ՀԿ-ի համակարգող Գոհար Մանուշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ ցույցեր է կազմակերպում «Յունիգրաֆ-իքս»-ի գործունեության դեմ։

Ո՛չ արգանդ է հեռացվել, ո՛չ ձվարան. վիրահատվող շունը հղի էր

«Մի քանի տարի առաջ մենք լրագրողների ներկայությամբ ստերջացրել էինք շներին, որոնք սարսափելի վատ վիճակում էին։ Հանրային վիրահատություն էր։ Մենք զբաղվեցինք այն շներով, որոնց իբր ստերջացրել էր «Յունիգրաֆ-իքսը»։ Սակայն էգը հղի էր, այսինքն նրանք փորը պարզապես ճղել ու կարել էին, ստերջացում չէր արվել», — ասաց նա։

Մանուշակյանի խոսքով` «Յունիգրաֆ-իքս»-ում նույնիսկ հայտնել էին, որ կարողացել են մեկ տարվա ընթացքում 43 հազար շուն բռնել` ակնհայտ է, որ այս թիվն իրականությանը չէր կարող համապատասխանել։ Մանուշակյանի խոսքով` Երևանում այդքան շուն չի կարող լինել, և հետո աշխատանքների նման ծավալը ենթադրում է, որ ամեն օր ստերջացվել են մինչև 2000 շուն։ Իսկ դրա համար առնվազն 100 անասնաբույժ պետք է քրտնաջան աշխատեին։

«Իսկ նրանք ընդամենը 2-3 անասնաբույժ ունեն», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ո՞ւր են գնացել գումարները

«Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության հսկողության տակ, հասցրել է վատ համբավ ունեցող ընկերության կարգավիճակ ստանալ։

Թափառական շների հետ դաժան են վարվում

Ոստիկանությունը պարզել է, որ ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա: Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռք բերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա: Իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:

ԶԼՄ-ներում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ընկերության ղեկավարները մսխում էին քաղաքապետարանի տրամադրած միջոցները` անշարժ գույք և թանկարժեք ավտոմեքենաներ գնելով։

«Մենք ինքներս ենք քաղաքապետարանին առաջարկել թափառող շների զանգվածային ստերջացում իրականացնել։ Հայաստան են ժամանել միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, ստերջացրել և ամորձատել են շուրջ 120 շուն, (քաղաքապետ) Տարոն Մարգարյանի հետ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` այդ շներին ոչ ոք ձեռք չի տա։ Սակայն մեկ շաբաթվա ընթացքում «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը այդ շների մեկ երրորդին սպանել է», — պատմեց Մանուշակյանը։

Պրոֆեսիոնալներից կազմված թիմի ներկայացուցիչներին Հայաստան հրավիրելու փորձերը կրկին անհաջողության են մատնվել։ Մեր զրուցակցի խոսքով` անվճար իրենց գործն անող մասնագետները չեն կարողացել ժամանել և ստերջացնել շներին, քանի որ Երևանի քաղաքապետարանը համաձայնություն չի հայտնել։