«Վերջին զանգին» շտապող պատանիները վթարի են ենթարկվել Երևանում

Տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Վերջին զանգի» շտապող դպրոցականները ավտովթարի են ենթարկվել։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենաները չվստահել անչափահասներին

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող պաշտպանության նախարարության ծառայողները։ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել «Վերջին զանգի» արարողությանը։