Ալեն Սիմոնյանն այլևս Երևանի ավագանու անդամ չէ. նրան կփոխարինի Նաիրա Հովհաննիսյանը

Որոշումը կայացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանիում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նաիրա Հովհաննիսյանը: Այս մասին որոշումը կայացվեց ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստում։

ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանն ասաց, որ  իրենց լիազորություն չունեն որևէ  մեկին մանդատից զրկելու և միայն արդեն իսկ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին:

Ալեն Սիմոնյանի հարցը մնաց առկախ. ԿԸՀ–ն նիստն ավարտեց առանց այդ հարցի քննարկման

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Ի պատասխան այս հայտարարության՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասել էր. «Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»:

Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։