Դատարանները Բաղրամյան 26-ից զանգ չեն ստանում. Արզումանյանը բարոյական փոխհատուցում կստանա

Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը բյուջեից փոխհատուցում ստացավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը պետական բյուջեից կստանա 2000 եվրոյին համապատասխան դրամ` որպես բարոյական փոխհատուցում և 500 եվրոյին համարժեք դրամ` դատական ծախսերի համար։ ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Արզումանյանն ընդդեմ ՀՀ-ի» Եվրոպական դատի վճռի կատարման մասին:

ՄԻԵԴ–ի վճիռն ընդդեմ Հայաստանի. Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանին կվճարվի 2500 եվրո տուգանք

«Այս վճիռը վկայում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտարարեց` ՀՀ կառավարության խնդիրն է, որ դատարանները լինեն անկախ ու Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ:

«Դատարանները պետք է ազատ լինեն որևէ պետական մարմնի կողմից ապօրինի ներգործությունից: Բաղրամյան 26-ից դատարաններն ու դատավորները այլևս զանգ չեն ստանում, և այսպես պիտի լինի բոլոր կառույցների դեպքում»,- ասաց Փաշինյանը` խոստանալով, որ բացահայտված ցանկացած դեպք այսուհետ շատ խիստ պատժի կարժանանա:

Անպատիժ չեն մնա նաև կաշառակեր դատավորները: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանի գործին, հիշեցնենք` ՄԻԵԴ-ը դեռ այս տարվա հունվարին որոշել էր, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում. խախտվել են նրա` Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Արզումանյանը ՄԻԵԴ հայց էր ներկայացրել տարիներ առաջ: Որպես ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ` Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը։ Նա կալանքի տակ հայտնվել էր «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։