Այս անգամ չկոտրվեց. իրանական յոթ կետերը, որոնց Եվրոպան չի ուզում հակաճառել

Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը դեռ չի նշանակում, որ այդ ծրագիրը կործանվել է։ Շատ բան կախված է Իրանի բարի կամքից և սեփական տնտեսական շահերը պաշտպանելու Եվրոպայի վճռականությունից։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Ճիշտ է` Իրանն ոչ թե ուլտիմատումներին է անցնում, այլ բավականին խիստ պայմաններ ներկայացնելուն ու չի պատրաստվում փոխզիջումների գնալ։ Ուլտիմատում հենց Թեհրանն էր ստացել Վաշինգտոնից, ու դրան խստորեն չարձագանքելը կնշանակեր, որ նա ընդունել է իր մեղքը, ինչն իրեն չի կարող թույլ տա մի երկիր, որը հավակնում է տարածաշրջանային առաջնորդ դառնալ։

Այսպիսով` Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Համենեիի շուրթերով Թեհրանը երեկ Եվրոպայի առջև յոթ կետից կազմված պայմանների ցանկ ներկայացրեց։ Համենեին առաջին հերթին դիմում էր Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային` որպես Եվրոպայի քաղաքականությունն ու դրա տնտեսական ձգտումները որոշող երկրների։

Նոր պահանջներ. ԱՄՆ–ն սպառնում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

«Մենք չենք ուզում այդ երեք երկրների հետ պայքարի մեջ մտնել, սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել` Եվրոպան ԱՄՆ–ին է հետևում։ Այդ պատճառով այս երկրները պետք է դադարեն լռել ու ապացուցեն, որ իրենք աշխատում են միջուկային պայմանագրի վրա։ Եթե եվրոպական երկրները թեկուզ մի փոքր ձգձգեն պատասխանը, Իրանն իրեն իրավունք կվերապահի սկսել իր միջուկային գործունեությունը», – զգուշացրեց Համենեին։

Մասնավորապես` Թեհրանը պնդում է, որ եվրոպական երկրներն իրանական նավթի վաճառքի ու Իրանի հետ եվրոպական բանկերի անխափան համագործակցության երաշխիք տան։ «Եթե ԱՄՆ–ին հաջողվի խոչընդոտել մեր նավթի վաճառքը, մենք պետք է վառելիքի մեր ուզած ծավալը վաճառելու հնարավորություն ստանանք։ Եվրոպացիները պետք է փոխհատուցեն դա երաշխիքների տեսքով ու իրանական նավթ գնել», – հայտնում է Համենեին։

Բացի այդ` իրանցիները պահանջում են եվրոպացիներից, որ բանակցությունների ընթացքում չքննարկվի երկրի հրթիռային ծրագրի թեման ու եվրոպական երկրները չմիջամտեն Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությանն ու ակտիվությանը։ Ալի Համենեին նշել է նաև, որ Եվրոպան պետք է «հակազդեցություն ունենա» Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներ մտցնելու փորձին։

Հազվադեպ է լինում, որ որևէ մեկն իրեն թույլ է տալիս Եվրոպայի հետ պահանջների լեզվով խոսել, սակայն Թեհրանը ակնհայտորեն ունի դրա իրավունքը։ Վերջիվերջո Միացյալ Նահանգների բացահայտ սադրիչ վերաբերմունքն է ստիպել նրանց այդպիսի տոնով խոսել, մանավանդ որ Թեհրանը խոսում է այն պայմանների մասին, որոնք նրա համար կենսական անհրաժեշտություն ունեն։ Թրամփն ամբողջ ուժեղ փորձում է մերձարևելյան հակամարտություն հրահրել. ինքն իր համար օվկիանոսից այն կողմ կնստի, իսկ Եվրոպան «ուժեղ այրվածքներ» կստանա։ Եվ ոչ միայն տնտեսական այրվածքներ։

Ինչպես Հայաստանի վրա կանդրադառնան Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեև Եվրոպան, առաջին հերթին` Գերմանիան, շատ լավ է դա գիտակցում։ Հենց այդ պատճառով ԳԴՀ–ի արտգործնախարար Հայկո Մաասը Վաշինգտոն գնաց` ամերիկացի գործընկեր Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպելու։ Երեկվա հանդիպումից հետո նա հակիրճ խոսեց։

«Կարծում եմ` հեռու ենք փոխզիջումից», – ասաց Մաասը, հավելելով, որ Պոմպեոյին առաջարկել է հանդիպում կազմակերպել` Գերմանիայի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ Իրանի միջուկային համաձայնագրի թեմայով։ Մաասը ցավով փաստեց, որ ԱՄՆ–ն ու Եվրոպան «երկու բացառապես տարբեր ուղղվածություն են ընտրել», ինչը, նրա խոսքով, կարող է ազդել տրանսատլանտյան հարաբերությունների վրա։

Որոշ մեկնաբաններ կարծում են, որ Եվրոպան, վերջիվերջո, ամերիկյան ճնշման տակ մեծ զիջումների կգնա, քանի որ փոխզիջման հասնելը հենց այդպիսի մոտեցում է ենթադրում։ Այդ համատեքստում նշվում է, որ Պոմպեոն մտածված ամենամաքսիմալիստական պահանջներն է հնչեցնում (հենց այն 12 ուլտիմատումային կետերը), որ ամերիկյան կողմին մի փոքր «նահանջի» տեղ մնա։

Սակայն ամենատեղեկացաված փորձագետներն այն կարծիքին են, որ այս անգամ Եվրոպան, որին այս դեպքում առաջնորդում է Գերմանիան, չի կոտրվի ու զիջումների չի գնա։ Բեռլինի դիրքորոշումը պայմանավորված է ինչպես միջազգային անվտանգության վերաբերյալ արդարացված մտահոգությամբ, այնպես էլ իրանական տնտեսության մեջ լայնորեն ընդգծված գերմանական ընկերությունների շահերով։

Նույնը` մի փոքր ավելի քիչ չափով, վերաբերում է Ֆրանսիայի, Բրիտանիայի և այլ եվրոպական երկրների ընկերություններին։ Պետք է հաշվի առնել, որ եթե Վաշինգտոնը խոշոր եվրոպական ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ կիրառի, այն բումերանգի էֆեկտով հենց ԱՄՆ–ի վրա կանդրադառնա։

Այդ պատճառով Թրամփ–Պոմպեո դիրքորոշումը սովորական առևտրի է նման. պահանջել առավելագույնը` շատը ստանալու համար։ Թեև իրադարձություններն արագ են զարգանում, ու շուտով շատ հարցերի պատասխանները պարզ կդառնան։