ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սարդարապատի հերոսամարտը, որը, փաստորեն, փրկեց հայկական պետականությունը, պատմության այն էջն է, որն, անպայման, պետք է իմանան նաև Ռուսաստանում։ Այս մասին Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Սարդարապատի հերոսամարտի նշանակությունն անհնար է թերագնահատել։ Առանց դրա Հայաստանից կմնար միայն իր պատմական անվանումը։ Սակայն կա ևս մեկ կողմ` ոչ պակաս կարևոր. հերոսամարտն, ըստ էության, կասեցրել է պանթուրքական ուժերի հարձակումը, որոնք չափազանց վտանգավոր էին ոչ միայն Հայաստանի, Անդրկովկասի, այլև Ռուսաստանի համար, որտեղ ապրում է 28 թյուրքական ժողովուրդ, կարծում է փորձագետը։
Այնուհետև Նադեին–Ռաևսկին ավելի մանրամասն է պատմում բուն հերոսամարտի մասին։
Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29-ը Սարդարապատ երկաթուղային կայարանի մերձակայքում հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների միջև` մի կողմից, և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերի` մյուս կողմից։
Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից` դատարկելով Կովկասյան ճակատը։
Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5-ի)` 1918 թվականի փետրվարի 10-ին թուրքական զորքերը հարձակման անցան և իրենց բանակի քանակի հաշվին կրկին նվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրի)։
Կովկասյան ճակատում գործող հայկական կորպուսը (հրամանատար գեներալ Նազարբեկյան), որը 3 դիվիզիայից էր բաղկացած (հրամանատար գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկյան, գեներալ Անդրանիկ Օզանյան), նահանջում էր` մարտնչելով ու այդպիսով ապահովելով տասնյակ հազարավոր արևմտահայ փախստականների անվտանգությունը։
«Մնացին հայ զորամիավորումները, պետք էր ինչ-որ բան մտածել` թուրքական գրոհը կասեցնելու համար։ Աղետալի իրավիճակ էր, քանի որ թուրքական բանակը հասել էր մինչև Ալեքսանդրապոլ։ Թուրքերը որոշել էին գրավել Արևելյան Հայաստանը», – պատմում է խոսնակը։
Դժվար է պատկերացնել, թե ինչպես հայկական զորքին հաջողվեց կանգուն մնալ. մարտերին ապագա հանրապետության մի քանի դիվիզիա և 3-4 հայ գեներալ էր մասնակցում։ Հայերի հետ միասին կռվում էին նաև եզդիները, որոնք հայերից պակաս չէին տուժել թուրքական լծից։
«Այդ ժամանակ ամբողջ Հայաստանով սկսեցին կամավորների գրանցել։ Իսկ դա նշանակում է` մարդկանց զենք բռնել էր պետք սովորեցնել։ Ժամանակը քիչ էր։ Գովելի է, որ հրամանատարները կարողացան մոբիլիզացնել ժողովրդին», – նշեց Նադեին–Ռաևսկին` ավելացնելով, որ առանձին ստորաբաժանումների հրամանատարությամբ զբաղվում էին ռուս սպաները։
Նադեին–Ռաևսկին հարյուրամյա վաղեմություն ունեցող ճակատամարտը հայոց պատմության հերոսական էջ անվանեց։ Նրա խոսքով` եթե չլիներ այդ հաղթանակը, ամեն ինչ տխուր ավարտ կունենար, որովհետև թուրքերը Էրիվանի վրա էին գալիս (Երևանի ռուսական անվանումը մինչև 1936 թվ. – խմբ.)։
Այս հիշարժան օրվա մասին պետք է իմանան նաև Ռուսաստանում, համոզված է փորձագետը։
«Ռուս դպրոցականները պետք է իմանան մեր երկրի մտերիմ դաշնակցի, բարեկամի պատմությունը, քանի որ խոսքը հասարակ մարտի մասին չէ», – ասաց Նադեին–Ռաևսկին։
Հայերը Ռուսաստանի պատմության և մշակույթի մաս վաղուց են դարձել, եզրափակում է Նադեին–Ռաևսկին` օրինակ բերելով Հովհաննես Այվազովսկուն, մարշալ Բաղրամյանին և Ռուսաստանի այլ ականավոր հայերի։