Փաշինյանի խոստումը ՏՏ ոլորտին. «Դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»

Վարչապետի կարծիքով` Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ անհնարը մեզ համար ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի են ընդլայնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: Այս մասին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կհավաքվեն Հայաստանում

«Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ:

«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը: Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»,- դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը: