Մարզպետները հավաքում են իրերը. հրաժարական հրաժարականի հետևից

Առաջիկայում սպասվում են ՀՀ բոլոր մարզպետների հրաժարականները։ Գործընթացն արդեն մեկնարկել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հրաժարականների մասին։

Հայաստանի բոլոր մարզպետները կփոխվեն. նախարար

Նրանցից ոմանք արդեն իսկ հաստատել են, որ հրաժարականի դիմում են գրել։

Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հաստատեցին մարզպետի հրաժարականի լուրը։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս պահին ՀՀ բոլոր մարզպետարաններում ճամպրուկային տրամադրություններ են։ Մարզպետները հավաքում են իրերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21–ին` կառավարության անդամների երդման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի մարզպետների կազմն առաջիկայում ամբողջությամբ կփոխվի: Մայիսի 24–ին էլ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել էր, որ բոլոր մարզպետները կփոխվեն։