Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ համազեկուցողներին պատմել է ընտրությունների ու ԼՂ խնդրի մասին

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ համազեկուցողներին հայտնել է` 20 տարում Հայաստանի ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով։ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասին համազեկուցողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով առաջիկայում ժողովրդավարությունն արտահերթ ընտրություններով ամրագրելու առաջնահերթությունը։

ԵԽԽՎ զեկուցողներին հետաքրքրել են Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները

«Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում վերջին երկու տասնամյակում անցկացված ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը:

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծվել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Միաժամանակ, Փաշինյանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽԽՎ-ն որպես ԼՂ հակամարտության հարթակ օգտագործելու փորձերի նկատմամբ` շեշտելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և բանակցությունների համար գոյություն ունի մեկ հարթակ, այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափը:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ կառավարության առաջնահերթություններին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, քաղաքական հնարավոր զարգացումներին և այլ հարցերի: