ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարված նիստում քննարկեց ԱԺ պատգամավոր ու Երևանի ավագանու անդամների թափուր մանդատներն ընտրական ցուցակներում նրանց հաջորդող թեկնածուներին տրամադրելու հարցը։
Օրակարգի առաջին հարցով ԱԺ ՀՅԴ խմբակցության Արմեն Բաբայանի թափուր մնացած մանդատը ԿԸՀ-ն տրամադրեց ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանին։
Օրակարգի երկրորդ հարցով ԿԸՀ-ն որոշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանի թափուր մանդատը Վիկտոր Ենգիբարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մանդատը` Նելլի Ղարդյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մանդատը` Ռուբեն Ռուբինյանին տրամադրել։ Նշենք, որ վերջինը ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի որդին է։
Իսկ սպասվող հարցը` Ալեն Սիմոնյանի մանդատի մասին, այսօրվա նիստում չքննարկվեց։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այդ արձանագրությունը ԿԸՀ-ն միայն այսօր է ստացել և կքննարկի նախապատրաստական որոշ աշխատանքներից հետո, երբ, նրա խոսքով, կլուծվեն հնարավոր ինքնաբացարկների հետ կապված հարցերը։
«Հարցը ԿԸՀ նիստի օրակարգ ներառվում է որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո։ Նախ պետք է հարցը նախապատրաստվի, ապա ուսումնասիրվում է հնարավոր ինքնաբացարկների առկայությունը կամ բացակայությունը»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը, Մուկուչյանի խոսքով, այս որոշումը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։
«ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ նախագահի, ավագանու անդամի լիազորությունները` Երևանի քաղաքապետի արձանագրությունների հիմքով։ Այս արձանագրությունների ստացումով փաստվում է, որ առկա է թափուր մանդատ, որի տրամադրումն է միայն իրականացնում ԿԸՀ-ն»,- մեկնաբանեց Մուկուչյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արդեն իսկ ստացել էր ԱԺ պատգամավորի մանդատ, բայց նույն օրն էլ հրաժարվել էր դրանից` որոշելով մնալ Երևանի ավագանու անդամի կարգավիճակում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ արդեն կազմել էր նրան մանդատից զրկելու արձանագրությունն ու ներկայացրել ԿԸՀ։ Այս խնդիրը Տարոն Մարգարյանի ու Ալեն Սիմոնյանի միջև հեռակա մենամարտի առիթ էր դարձել։