Մնացականյանն ու Լավրովը խոսել են Արցախյան հակամարտության կարգավորման մասին

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մոտ ապագայում ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնեի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նախարարները շնորհավորել են միմյանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ նշանակվելու և վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

Լավրովը շնորհավորեց Մնացականյանին. ի՞նչ ակնկալիք ունի նա Հայաստանից

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունեց մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։