Փնտրում են «Պորշի» վարորդներին, որոնք Երևանում հարձակվել էին ցուցարարների վրա

Պարզվում են Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած վարորդների ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանի կենտրոնում սև ամենագնացը սլացավ ցուցարարների ուղղությամբ. տեսանյութ

2018թ. ապրիլի 21-ին Կ.Ուլնեցի փողոցում բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություն դեպքի առթիվ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների ինքնությունը:

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Քննությանը տվյալներ էին ներկայացվել վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնության վերաբերյալ, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Մայիսի 22-ին Քննչական կոմիտեի կողմից տարածված տեսանյութից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել նաև դեպքի օրը տուժած «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

«Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններից տուժած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Խնդրում ենք վարորդին ներկայանալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է: